Երեկ` ժամը 14-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում վերսկսվեց Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարությունը: Ինչպես եւ սպասվում էր` բացակայում էին տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Մուշեղ Շուշանյանը, Ռուբեն Մարտիրոսյանը, ամբաստանյալների պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը, Լեւոն Պողոսյանը, Ազատ Շահբազյանը, Հրանտ Գեւորգյանը: Դատին մասնակցում էին գործով մեղադրողներ Հարություն Հարությունյանը, զինվորական դատախազ Հայկ Հարոյանը: Ներկա էին կալանքի տակ գտնվող ամբաստանյալները, նաեւ կալանքի տակ չգտնվող ամբաստանյալ զինծառայող Հարութիկ Կիրակոսյանը: Նիստը տեւեց մոտ կես ժամ: Դատավոր Մարդանյանն Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի, իրավահաջորդի ներկայացուցիչների եւ ամբաստանյալների պաշտպանների բացակայությունները համարեց անհարգելի` նշելով, որ ամբաստանյալների պաշտպանների բացակայությունները չպետք է խոչընդոտեն արդարադատության իրականացմանը: Դատավորն ասաց, որ դատերի չհետաձգելը բխում է նաեւ տեւական ժամանակ կալանքի տակ գտնվող ամբաստանյալների շահերից: Սամվել Մարդանյանը հայտարարեց, որ Երեւանում կայացած նիստերի ժամանակ դատարանը «բարյացակամ» վերաբերմունք էր ցուցաբերում, սակայն նախորդ նիստերը ցույց տվեցին, որ «պետք է խիստ լինել եւ դատարանի սանկցիաները բոլորի նկատմամբ անխտիր կիրառել»: Նա նաեւ հայտնեց, որ դատական կարգադրիչները դահլիճում, ոստիկաններն էլ դատարանից դուրս ուժեղացված ծառայություն են իրականացնում: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 31-ին` ժամը 14-ին:
Տավուշ