Օրեր առաջ` մայիսի 24-ին , «Նախախորհրդարանը» տարածել էր հայտարարություն, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մի բարձրաստիճան սպա Նախախորհրդարանի ներկայացուցչի միջոցով պաշտոնապես Ժիրայր Սէֆիլյանին ուղղված սպառնալիք է փոխանցել: Հայտարարության մեջ նշված է, որ Ժիրայր Սէֆիլյանը Քեսաբի ազատագրման նպատակով այնտեղ ազատամարտիկներ է ուղարկում և, եթե մեկ անգամ էլ փորձի նման քայլ կատարել, նրան կարտաքսեն Հայաստանից:
Այս առնչությամբ դեռևս Սէֆիլյանը որևէ պարզաբանում չի տվել. armlur.am-ի հեռախոսազանգերը նրան ուղղված մնացին անպատասխան:
Փորձեցինք զրուցել «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանի հետ` պարզելու՝ ո՞վ է այդ բարձրաստիճան սպան, որը սպառնացել է Սէֆիլյանին: Նրա խոսքով` անուններն այդքան կարևոր չեն. կարևորը կատարվող գործողություններն են. «Երեկ երեկոյան էլ հարձակում է տեղի ունեցել Սէֆիլյանի կնոջ`Թամար Բարսեղյանի վրա: Ես չեմ կասկածում, որ այդ հարձակումը Սէֆիլյանի վրա իրականացվող ճնշումների շարունակությունն է»:
Իսկ թե ինչով է պայմանավորված Ժ. Սէֆիլյանի լռությունն ու ԱԱԾ-ի բարձրաստիճան սպայի անունը չհայտարարելը, Տ. Խզմալյանը դժվարացավ պատասխանել`ասելով, որ դա Սէֆիլյանի անձնական գործն է:
Քանի որ խոսքը վերաբերում է ԱԱԾ-ի բարձրաստիճան սպային, armlur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Ազգային անվտանգության ծառայությունից: ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվի Բաղրամյանն ասաց, որ իրենք չեն մեկնաբանում Սէֆիլյանի հայտարարությունը: