Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանին գործուղումների վերաբերյալ հարց էր ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նա նշել էլ, թե կարևոր աշխատանք իրականացնող և կարևոր գործուղումների մեկնող պատգամավորներին հատկացվող ծախսերը էականորեն կրճատվել են, տնտեսվում են անգամ օրապահիկների ծախսերը, և հաճախ խնդիրներ են առաջանում` գործուղումների հետ կապված և ցանկացել էր իմանալ, թե ո՞րն է դրա բացատրությունը:
Շատերը դա որակեցին դժգոհություն հենց օրապահիկից: Armlur.am-ը պատգամավորից ճշտեց, թե որն է դժգոհության իրական պատճառը:
Տ. Ուրիխանյանը մեզ հետ զրույցում նշեց.«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բազմաթիվ պետական ծախսերի, այդ թվում` Աժ ծախսերի վերաբերյալ ես հնչեցնում եմ հարցեր: Ուզում եմ ընդգծել շատ շիտակ կերպով` խոսքը գնում է պետական փողերի մասին, որոնք չեն կարող ու չպետք է լինեն սուբյեկտիվ, չպետք է լինեն կամայական, չպետք է տրամադրվեն, կներեք կայֆերի, արտասահմաններում վայելքների, ժամանցի, հանգստի ու շոփինգների վրա: Այլ պետք է իրականացվեն բացառապես պետական կառույցների, մասնավորապես ԱԺ սահմանված գործառույթների շրջանակներում: Երբ որ ընդամենը փոքր ծախս պահանջող, չափազանց էկոնոմ կարգի` գործողումների դեպքում իբր տնտեսում է իրականացվում, այն էլ աշխատող, ինտելեկտուալ պատգամավորների առնչությամբ, իբր գումար են տնտեսում և չեն ուղարկում միջազգային կառույցների միջոցառումներին մասնակցելու համար, որի արդյունքում մեր հարևան թշնամի պետությունները ընդունում են տարբեր բանաձևեր, փաստաթղթեր, այ սա արդեն խնդիր է:
Նշեմ, որ այս ամենն ինձ չի վերաբերում, այլ իմ գործընկերներին, որոնք այս խնդրին մշտապես առնչվում են: Բնականաբար, իշխանության, ՀՀԿ խոսնակին պատկանող լրատվամիջոցները նման տեղեկություններ են տարածում: Նրանց ուղղակի գոյությունը և ֆինանսական սնուցումը պայմանավորված է մեկ իմաստով՝ ոչ իշխանական պատգամավորների առնչության որևէ բիծ կամ թերություն գտնելը` դրանով նրանք պահպանում են իրենց գոյությունը: Իսկ երբ որ որևէ բիծ կամ թերություն գտնելը դառնում է անհնար, գրիչները սրած անհամբերությամբ սպասում են, թե երբ որևէ մեկը որևէ լեզվի սայթաքում իրենց թույլ կտա: Լեզվի սայթաքում թույլ չտալու դեպքում էլ սկսում են իրենց ստերը տարածել»,- եզրափակեց Տ. Ուրիխանյանը: