ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՆԱ՞ԿԸ
Երեկ լրացավ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու մեկամսյակը. սակայն նա դեռ մամլո խոսնակ չունի: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ արդեն մոտ տասը օր է, ինչ քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը հարմարավետ տեղավորվել է մամուլի քարտուղարի սենյակում եւ խուսափում է հրապարակային հանդես գալուց, որովհետեւ պաշտոնապես չի նշանակվել: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սուսաննա Տոնոյանի հետ, ով ասաց. «Եթե նշանակվի, բնականաբար, դուք այն կտեսնեք վարչապետի որոշումների մեջ, եթե չկա, ուրեմն չկա»,-ու անմիջապես անջատեց հեռախոսը: Իսկ Տիգրան Աբրահամյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել:
ՎԱՀՐԱՄԸ ՎԱՀՐԱՄԻՆ ՎՆԱՍ ՉԷ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը դեռեւս աշխատասենյակի փնտրտուքի մեջ է: Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ) հովանավորյալին չեն կարողանում ինչ-որ մի սենյակում «տեղավորել» ու վերջինս ստիպված է Աժ միջանցքներում «պտտվել», մինչեւ ՀՀԿ վերնախավը կորոշի, թե, ի վերջո, նրան որ սենյակն են տրամադրելու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վահրամ Մկրտչյանին ԱԺ նոր մասնաշենքում աշխատասենյակ առաջարկել են, սակայն որոշ ժամանակ հետո Վ. Մկրտչյանը հասկացել է, որ այն փոքր է ու իր օգնականները չեն կարող տեղավորվել այնտեղ: Ինչի համար էլ նորաթուխ պատգամավորը կրկին դիմել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարին՝ խնդրելով լուծել հարցը: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից պարզել, թե ինչու պատգամավորի աշխատասենյակի հարցը չեն լուծում, վերջինս ասաց, որ հենց այդ պահին այդ հարցով է զբաղված:
ԴԱՎԻԹԻ ԿԱԴՐԵՐՈՎ
ՀՀ կառավարության վերջնական ձեւավորումից հետո ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հասկացել է, որ իրականում իր կողքին հավաքվածներից ընդամենը մի քանի հոգին են իր կադրերը: Բանն այն է, որ նոր կառավարությունը ձեւավորվել է գրեթե ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մտերիմների, «կադրերի» շնորհիվ ու հիմնականում այն մարդիկ են, որոնք միշտ հավատարիմ են եղել Դ. Հարությունյանին: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այդ փաստն ինչ-որ չափով անհանգստացնում է Հ. Աբրահամյանին, ով էլ իր հերթին փորձում է այս ժամանակահատվածում ԱԺ-ից իրեն հավատարիմ մարդկանց կառավարություն տանել: Ու դա է պատճառը, որ ՀՀ վարչապետը որոշել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գուրգեն Դումանյանին Դավիթ Հարությունյանի տեղակալ նշանակել: Այդ կերպ Հ. Աբրահամյանը կարծում է, որ կլուծի հարցը: Սակայն վարչապետը չի կարող ԱԺ-ի իր հավատարիմներին բոլորին կառավարությունում նշանակել, քանի որ այդ դեպքում էլ ԱԺ-ում է կադրերի «սով» լինելու: