Առաջիկայում Հայաստանում թանկացումների նոր ալիք է սպասվում: ԱԺ-ում երեկ քննարկվում էր կառավարության հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձեւով տարայավորված մի խումբ ապրանքների վրա պարտադիր է դառնում համապատասխան դրոշմապիտակի առկայությունը: Նախագծում թվարկված են այդ ապրանքատեսակները՝ պիտակավորվելու են կաթնեղենը, սուրճը, թեյը, ձեթը, ձկնեղենը, պահածոն, պաղպաղակը, կոսմետիկան եւ օճառը: Եվ, բնականաբար, դրոշմապիտակ փակցնելու դեպքում կբարձրանան այդ ապրանքների գները:
Ինչպես նկատեցիք, սրանք լայն սպառման ապրանքներ են, որոնք օգտագործում է ՀՀ յուրաքանչյուր ընտանիք, այն էլ` գրեթե ամեն օր: Ասել է թե` այս թանկացումները հարվածելու են յուրաքանչյուրի գրպանին: Երեկ նախագծի հիմնական զեկուցող, ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը ԱԺ-ում օրենքի ընդունման դեպքում սպասվող գնաճի մասին ասաց. «Տեսականորեն, այո, հնարավոր է, որ տեղի ունենա ապրանքների գների բարձրացում»: Միայն թե, Միրումյանը երեկ չասաց, որ ապրանքատեսակը որքան կթանկանա: Այնինչ, հարկ է նկատել՝ սա հենց այն կարեւոր հարցն է, որ հուզում է յուրաքանչյուր ընտանիքի: Ենթադրվում է, որ նշված ապրանքների գները կավելանան 20-50 դրամով, որոշ դեպքերում՝ ավելի շատ:
Միրումյանը երեկ պնդում էր՝ իրենք այս նախագիծը ներդնում են ստվերը կրճատելու համար: Սակայն նա այդպես էլ չնշեց, թե քանի տոկոս է կազմում այդ ստվերը: «Դուք ասում եք՝ ստվերի գնահատական մենք չենք տալիս: Բա ո՞վ է տալու: Կրթության ու գիտության նախարարութո՞ւնն է տալու ստվերի շրջանառության գնահատականը: Դուք ասում եք՝ դրա դեմ պայքարում եք, ինչի՞ դեմ եք պայքարում, եթե չունեք ծավալները»,-այդ կապակցությամբ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը նախորդ տարի եւս փոփոխություններ էր կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում. այն ժամանակ ամրագրվեց, որ պարտադիր դրոշմավորման են ենթակա ՀՀ-ում արտադրված կամ ՀՀ ներմուծված հանքային ու բնական ջրերը, հյութերը, գարեջուրը: Օրենքն ուժի մեջ մտավ նախորդ տարվա հուլիսի 1-ից, եւ այդ ժամանակվանից 20-30, որոշ դեպքերում՝ 50 դրամով թանկացան այդ ապրանքները: Նշենք, որ այս նախագծով նախատեսված է, որ օրենքը ուժի մեջ կմտնի հրապարակումից երեք ամիս հետո, իսկ մինչ այդ արտադրված ու չդրոշմավորված ապրանքները խանութներում վաճառել կթույլատրվի մինչեւ սեպտեմբերի 30-ը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ