ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԱՐԿԱՆՈՒՄ ԵՍ, ԱՂԱ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին կարծես թե չի հաջողվում օրենքների նախագծերի քննարկման ժամանակ դահլիճում գոնե հարազատ կուսակիցների ներկայությունն ապահովել: Չնայած նախագծերի քվեարկություններին մասնակցելու համար ՀՀԿ խմբակցությունը գրեթե ողջ կազմով բերման էր ենթարկվել ԱԺ դահլիճ, սակայն կոճակ սեղմելու իրենց պարտականությունը կատարելուց հետո ՀՀԿ-ականների մեծամասնությունը մի մարդու նման լքեց դահլիճը: ԱԺ դահլիճում խայտառակ պատկեր էր մեծ ընդմիջումից հետո, ԱԺ պատգամավորները չէին ցանկանում մտնել դահլիճ: Իրավիճակը զայրացրել էր նիստը նախագահող Էդուարդ Շարմազանովին. «Հարգելի գործընկերներ, հրավիրում եմ բոլորիդ դահլիճ, առաջին հերթին նրանց, ովքեր հերթագրվել են հարցեր տալու համար»: Մի քանի րոպե սպասելուց հետո, երբ վերջապես դահլիճ մտավ քննարկվող նախագծի հիմնական զեկուցողը՝ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, Շարմազանովը նրան դիտողութուն արեց. «Պարոն Միրումյան, ընդմիջումը տեւում է մեկ ժամ: Ամբիոնի մոտ համեցեք, հիմնական զեկուցողին ու պատգամավորներին՝ այլեւս նման բան չկրկնվի: Սա ԱԺ է, երկրի օրենսդիր մարմինը: Ընդմիջումը մեկ ժամ է, եւ պարտավոր եք մեկ ժամ հետո լինել այստեղ»:

ՉԻ ՀԵՌԱՐՁԱԿՎՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է, ինչ «Կենտրոն» հեռուստաընկերությունն իր մարզային հեռարձակումը դադարեցրել է ՀՀ մարզերի որոշ համայնքներում: Այս հեռուստաընկերության հաղորդումները մասնավորապես չեն դիտում Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի մի շարք համայնքներում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության ղեկավար Իվետա Տոնոյանի հետ, ով ասաց, որ խնդրին տեղյակ են, եւ հայցելով հեռուստադիտողների ներողամտությունը՝ նշեց. «Տեխնիկական գործընթաց ենք իրականացնում, որը պայմանավորված է առաջիկա թվայնացման հետ: Եվ հնարավոր ամեն ինչ արվում է սեղմ ժամկետներում այս խնդրին լուծում տալու համար»: Հիշեցնենք, «Ժողովուրդ»-ը գրել էր նաեւ, որ Գեղարքունիքի մարզում եւս չեն հեռարձակվում Հ2-ի հաղորդումները:

ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ՓՈՂ Է ՀԱՅԹԱՅԹՈՒՄ

Մինչ «Արմավիա»-ի նախկին աշխատակիցները հույսները կտրել են, որ երբեւէ աշխատավարձ են ստանալու, ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը շարունակում է փող հայթայթելու գործընթացը: «Ժողովուրդ»-ը զրուցեց «Արմավիա»-ի ֆինանսական գծով տնօրեն Հրայր Սահակյանի հետ եւ հետաքրքրվեց, թե երբ են աշխատակիցները աշխատավարձ ստանալու. «Այսօրվա դրությամբ դեռ նորություն չկա աշխատավարձերի մասով: Ես կարող եմ ասել, որ ղեկավարությունը տեղյակ է ու աշխատում են այդ ուղղությամբ, որ գումարներն արագ հայթայթվեն եւ բոլոր պարտավորությունները փակվեն, առաջնահերթ, բնականաբար, աշխատավարձերը, ինչպես նաեւ՝ տոմսերի վերադարձնելը»: Նախկին աշխատակիցների խոսքով՝ Բաղդասարովի հաշվեհամարների վրա այս պահի դրությամբ «ոչ մի կոպեկ» գումար չկա, որպեսզի այն բռնագանձվի:




Լրահոս