Էլ «ղալաթ» չեն անի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, ինչպե՞ս է Թովմասյանին «չաթլախ» անվանած ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատկերացնում իրենց համատեղ աշխատանքը մեկ շենքում. երեկ  այս հարցին ի պատասխան` Ա. Ռուստամյանն  ասել է. «Իմ ու պարոն Թովմասյանի միջև անձնական խնդիր չի եղել, անձնական կամ անձնավորված միջադեպ էլ չի եղել: Ուրիշ բան, որ հետո, ցավոք, ով ոնց ուզել` մեկնաբանել է: Դա իրականության խեղաթյուրում է` ես Հրայր Թովմասյանի անձին հասցեագրված ոչինչ չեմ ասել, հետևաբար, նրան վիրավորելու ցանկություն չէի կարող ունենալ: Ավելին ասեմ` վերջերս ես ու պարոն Թովմասյանը հանդիպել ենք ու մանրամասն զրուցել այս ամենի մասին: Կարծում եմ՝ հարցն այլևս գոյություն չունի, այն փակված է»,- yerkir.am-ին պարզաբանել է  Ռուստամյանը:

Իհարկե  լավ է, որ այդ տհաճ հարցն արդեն փակված է, սակայն անհասկանալի է, թե  իրականության ինչ խեղաթյուրման, կամ ինչ կամայական մեկնաբանության  մասին է խոսում Արմեն Ռուստամյանը: Ի վերջո`  թե՛ Հրայր Թովմասյանի՝ «ղալաթ են արել»-ը, թե՛ Ա. Ռուստամյանի՝  «չաթլախ»-ը  ասվել են  հրապարակավ` Ազգային ժողովում, և այդ ամենի տեսագրությունները  հասանելի են բոլորին: Եվ եթե այսօր արդեն Ռուստամյանը խոսում է ինչ-որ խեղաթյուրման մասին, թերևս արժե նրան հիշեցնել ոչ վաղ անցյալում ասած սեփական խոսքերը: «Արդարադատության նախարարի ասածն աննախադեպ է…նման պահվածքով արդարադատության նախարարը վիրավորում է ողջ Աժ-ին: Հետո փորձել է բացատրել, թե արաբերեն «ղալաթ» բառը նշանակում է սխալ:  Փաստորեն` ոչ թե զղջում է իր ասածի համար, այլ մի բան էլ բացատրում է: Եթե բառարաններով է, ուրեմն մենք էլ ենք տիրապետում բառարաններին, և եթե մենք նրան ասենք` ղալաթ ես անում, չաթլախ, թող չնեղանա»:

Ավելին՝ դրանից հետո, պարզաբանելով ասածի  շարժառիթները, Ռուստամյանը բառացիորեն ասել էր. «Խոտորնակին` խոտորնակ, ոնց որ ինքն էր ասել, այնպես էլ մենք ենք պատասխանում: Ես իրեն լավ իմաստով եմ ասել: Բացեք Ս. Մալխասյանցի բացատրական բառարանը, դա տաճկերեն բառ է` նշանակում է ճաք տալ»:

Այստեղ, թերևս, ամենաուշագրավը` «Ես իրեն լավ իմաստով եմ ասել» արտահայտությունն է, որի կողքին Ռուստամյանի երեկվա՝ «ես Հրայր Թովմասյանի անձին հասցեագրված ոչինչ չեմ ասել» արտահայտությունը դնելով` բավականին անդուր պատկեր է ստացվում: Համարյա՝ «ղալաթ եմ արել»:

Իսկ եթե ավելի լուրջ` շատ ավելի ազնիվ կլիներ, եթե  ուրիշներին խեղաթյուրման կամ  սխալ մեկնաբանությունների մեջ մեղադրելու փոխարեն  Արմեն Ռուստամյանը և Հրայր Թովմասյանը պարզապես հրապարակավ  միմյանց ձեռք սեղմեին` ի նշան այն բանի, որ հասկացել են. ԱԺ-ում, և առհասարակ`  չի կարելի միմյանց նման բառամթերքով դիմել:




Լրահոս