ՄԵՐ ԴԵՍՊԱՆՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին՝ իր իննսունամյակից 10 օր առաջ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Երեւանի Մարզահամերգային համալիրում հանդես եկավ համերգով։

Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գեւորգյանը, ինքը պարզապես հիացած եւ, միեւնույն ժամանակ, հուզված է եղել ամբողջ համերգի ընթացքում։ «Ու նաեւ մի տեսակ կարոտ, ափսոսանք կար այն պատճառով, որ այդ փոքրամարմին հսկա մարդը շուտով 90 տարեկան է դառնում։ Ես կուզեի, որ ինքը շատ ավելի երիտասարդ լիներ, կամ երկար-երկար տարիների կյանք ունենա, առողջ լինի»։ Հասկանալի է, որ շանսոնյեի կատարումներում նաեւ փոքրիկ վրիպումներ են եղել, բայց մեր զրուցակիցը չի ճանաչում մեկ այլ երգչի, ով այդ տարիքում երգում է կենդանի կատարմամբ. «Ավելին՝ նա նույնիսկ ցատկոտում էր, իսկ հանդիսատեսը ոտքի կանգնած անընդհատ ծափահարում էր։ Պարզապես անհնար է խոսքերով փոխանցել այն մեծ սերը, որ տածում է ժողովուրդը նրա հանդեպ։ Դա պարզապես մի տոնախմբություն էր, ու ես պարզապես անչափ հպարտ էի, որ մենք ունենք Շառլ Ազնավուրի պես մեծագույն արվեստագետ, մեծագույն հայ՝ իր ամբողջ հայանպաստ գործունեությամբ ե՛ւ աղետի տարիներին, ե՛ւ դրանից հետո։ Նրա ամեն մի այցը Երեւան տոն է բոլորիս համար»։
Ըստ մեր զրուցակցի՝ շատ երգիչներ իրենց աշխարհում Հայաստանի դեսպան են համարում, բայց Ազնավուրն է միակը, ով իսկապես ոչ միայն հայ ժողովրդի կարեւորագույն մարդկանցից մեկն է, մեր դեսպանը ոչ միայն Շվեյցարիայում, այլեւ ամբողջ աշխարհում։ «Նրա առջեւ աշխարհում փակ դռներ չկան. նրա խոսքը շատ զորավոր է, եւ նրան ընդունում ու սիրում են ամբողջ աշխարհում։ Աշխարհում կարող են լինել շատ հայտնի հայեր, բայց նրանք ավելի պասիվ դիրքորոշում ունեն շատ հարցերում, իսկ Ազնավուրը շատ ակտիվ է իր բոլոր գործողությունների մեջ։ Ընդ որում, նա իր անունն օգտագործում է ոչ թե ի շահ իրեն, այլ ի շահ հայ ժողովրդի, իր ծառայությունները, իր նպաստն է բերում մեր երկրին։ Հուսով եմ, որ կլինի այդպես առույգ դեռ երկար ժամանակ, եւ մենք էլի կվայելենք նրա արվեստը, նրա մարդկային էությունը»:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս