ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ավարտված նիստում բոլոր քաղաքական ուժերը ներկայացրել են այն հիմնական խնդիրները, որոնք իրենց անհանգստացնում են: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Մոտեցումները գրեթե նույնն էն: Բոլոր քաղաքական ուժերին մտահոգում էին նույն հարցերը և բոլորն էլ միասնական դիրքորոշում ունեն մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք շուտափույթ լուծվելու կարիք ունեն»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ իրենք առաջիկա նիստի ավարտից հետո համատեղ հայտարարություն կանեն, որում իրենց առաջարկները կներկայացնեն կառավարությանը, սակայն չցանկացավ այս պահին հրապարակել, թե ինչի մասին է խոսքը:
«Քառյակի հաջորդ նիստից հետո արդեն մենք հստակ կներկայացնենք այն խնդիրները, որոնց շուրջ մենք միասնական համաձայնության ենք եկել և մեր քայլերի հստակ ժամանակացույցը»,- նշեց Զոհրաբյանը:
Քառյակը համաձայնության է եկել նաև ՀՀ 2013թ.-ի պետական բյուջեի կատարողականի քվեարկության հարցում: Միասնական դիրքորոշում կա նաև մարզային հանրահավաքներ անցկացնելու հարցում, սակայն հստակ ժամկետներ առայժմ չկա:
Հարցին, թե քառյակը քննարկե՞լ է ՕԵԿ-ին ևս քառյակի անդամ դարձնելու հարցը, Զոհրաբյանն ընդգծեց, որ այդ հարցն իրենք չեն քննարկել, իսկ ՕԵԿ-ի կողմից նման առաջարկ չի եղել: