ԿԱՐԳԻՆ ՄԱՐԴ Ա
Armlur.am-ի հետ զրույցում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերքեց տարածված լուրը, թե ինքը պաշտոնանկ է եղել ու արդեն հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակազմի հետ:Մեզ հետ զրույցում Ա. Ղուլարյանը հայտնեց, որ ընդամենը աշխատակազմի հետ եղել է խորհրդակցություն: «Երբ որ պաշտոնապես կհայտարարվի, այն ժամանակ կիմանանք»,-ասաց մարզպետը: Այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ հնարավոր պաշտոնանկության դեպքում իրեն փոխարինելու կգա ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը, մեր զրուցակիցն ասաց. «Դրանք լուրեր են: Հետո էլ Հովիկ Աբովյանը կարգին մարդ ա, իր գործին տեղյակ, ոնց որ ես»,-եզրափակեց Տավուշի մարզպետը:
«ԱՐՄԱՎԻԱ»-ԻՑ «ՔԱՇՎԱԾՆԵՐԸ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 12:00-ին, Կառավարության շենքի դիմաց, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպելու՝ պահանջելով պատկան մարմիններից լուծում տալ իրենց խնդրին: Քաղաքացիների պնդմամբ՝ իրենք նախորդ տարի «Արմավիա» ընկերությունից գնել են տոմսեր, սակայն թռիչքի օրն իրենց հայտնել են, որ ընկերությունը սնանկացել է, եւ այդ տոմսերով չեն կարող այլ երկիր մեկնել: «Առ այսօր մեր տոմսերի գումարները չեն վերադարձրել, իսկ խոսքը մեծ գումարների մասին է»,- վրդովված ասացին քաղաքացիները: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը նախորդ համարներում անդրադարձել է «Արմավիա» ընկերությանը, որը երկար ժամանակ է, ինչ չի վճարել նաեւ ընկերության աշխատակիցների աշխատավարձերը։
ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ՝ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ բաց երկնքի քաղաքականություն իրականացնող, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, «Շամիրամ» խմբակցության նախկին անդամ Արտյոմ Մովսիսյանը վերջերս Կոտայքի մարզի Հացավան համայնքում առանձնատուն է գնել, որտեղ այս պահին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Սակայն այս նոր առանձնատան մասին վերջինիս պաշտոնական հայտարարագրում ոչ մի տեղեկատվություն չկա: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց քաղավիացիայի գլխավոր վարչության պետի մամլո խոսնակ Նելլի Չերչինյանի հետ, ով ասաց. «Այո, ճիշտ է այդ տեղեկատվությունը: Նա այդ առանձնատունը գնել է իր սանիկից եւ հաջորդ տարվա պաշտոնական հայտարարագրում այն կներկայացվի»: