ՑԵՂԱԿՐՈՆ ՀՀԿ-ԻՑ ԴԵՊԻ ԲՈԼՇԵՎԻԶՄ ՄԻ ԱՐՁԱՆ Է
Գեներալ Մանվել Գրիգորյանը արդարացիորեն կարող է հավակնել ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքագիտական կոչումների, քանզի Երկրապահի համագումարում հնչեցրած «վերջին բոլշեւիկ» արտահայտությունը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հասցեին ասված թերեւս ամենադիպուկ քաղաքական բնութագիրն է: Տարօրինակ զուգադիպություն է, թե ծրագրված քաղաքականություն, բայց փաստ է, որ Ս.Սարգսյանն իրոք իրեն պահում է վերջին բոլշեւիկի նման, եւ եթե անձամբ ոչ ինքը, ապա իր շրջապատը ամեն քայլափոխի է ապացուցում այդ «բոլշեւիզմը»: Ահավասիկ Երեւանի ավագանու որոշումը` «Գնդակահարվող հայերի թիվը պետք է ավելացնել» տողերի հեղինակ Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու մասին, հավանաբար վերջին շտրիխն էր, որն ամբողջացրեց ցեղակրոն ՀՀԿ-ի սովետական դեմքը: Կամ թե Երեւանում փողոց են վերանվանում Խորհրդային Հայաստանի ղեկավարներից` Անտոն Քոչինյանի անվամբ, ում իշխանության տարիներին են հենց կալանավորվել ու երկարատեւ ազատազրկման դատապարտվել ՀՀԿ հիմնադիրներ Աշոտ Նավասարդյանն ու Անդրանիկ Մարգարյանը: Հետաքրքիր է՝ հիմա ՀՀԿ-ն իր հիմնադիրներին ազատազրկողների արձանները կանգնեցնում է, որ ինչ անի: ՀՀԿ-ի որոշումները թերեւս ընդունելի կլինեին մի պարագայում, երբ այս ամենը մատուցվեր որպես սերունդների համերաշխության, քաղաքական հանդուրժողականության, ազգային արժեքների վերագնահատման հարցերում իշխող ուժի որդեգրած պետականամետ մոտեցում, այլ ոչ թե Անաստաս Միկոյանի թոռան եւ Երեւանի գլխավոր ճարտարապետի «պատահական հանդիպման» արդյունքում կայացված որոշում:
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հանգստի ընթացքում լրջորեն ուսումնասիրում է ՀՀ Կառավարության շենքում տեղի ունեցող գործողությունները եւ մտադիր է առաջիկայում լուրջ հակահարձակում սկսել վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ Տ. Սարգսյանի թիմակիցները սպասում են Աբրահամյանի վարչապետության գործնական քայլերի իրականացմամբ արձանագրված պաշտոնական առաջին ցուցանիշներին: Դրանք, բնականաբար, չեն կարող զարգացման ֆանտաստիկ աճ ունենալ, քանի որ ժամանակը քիչ է, տնտեսությունն էլ՝ «սեփական ջանքերով» հիմնովին քայքայված: Եվ որքան էլ Հ. Աբրահամյանն արագ արձագանքման քայլեր է անում, դժվար թե առաջիկայում դրական ցուցանիշներ արձանագրի: Հենց դրա համար էլ նախկին վարչապետը, շունչը պահած, սպասում է գործող վարչապետի առաջին տապալմանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հակահարձակումը կարող է լինել ընդհուպ մինչեւ նախկին նախարարների ձեռամբ եւ շուրթերով:
Գարնանային ցրտահարությունների պատճառով այս տարի վնասվեց շուրջ 9.185 հեկտար տարածք` հատկապես լրջորեն վնասվեցին ծիրանենիների այգիները: Մասնագետների կանխատեսմամբ՝ Արարատյան դաշտի անկրկնելի ծիրանն ամռանը հնարավոր է միայն «բժշկական դեղատոմսով» ձեռք բերել: «Ժողովուրդ»-ն օրերս շրջայցի արդյունքում արձանագրեց, որ հայաստանյան շուկայում հայկական ծիրանին արդեն փոխարինելու է եկել ներկրված ծիրանը: «Ժողովուրդ»-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվեց, թե այս ընթացքում որքան ծիրան է ներմուծվել Հայաստան: ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանի տեղեկացմամբ՝ «2014-ի հունվար-փետրվար ամիսներին Հարավաֆրիկյան Հանրապետությունից ներկրվել է 35 կգ ծիրան, Նոր Զելանդիայից՝ 36 կգ: Իսկ ապրիլ-մայիս ամիսներին Թուրքիայից 454 կգ ծիրան է մտել Հայաստան»: Նշենք, որ ներկրված ծիրանի 1 կգ արժե մոտ 2500 դրամ, իսկ փոքր չափաքանակները պայմանավորված են շուկայի փորձնական ստուգումներով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր կայանալիք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թույլ տված խախտումների համար տուգանքի ենթարկելու հարցը: Նշենք, որ ՀԷՑ-ը հերթական անգամ հայտնվել է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում, քանի որ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում, ինչի կապակցությամբ էլ այսօր տեղի է ունենալու նիստը: Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում եւ նախորդ դեպքերում Հանձնաժողովը բավարարվել էր միայն նախազգուշացմամբ: Սակայն այս անգամ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընկերության հանդեպ արդեն իսկ որոշվել է խոշոր տուգանք կիրառել: Ի դեպ, այսօր Հանձնաժողովը կհրապարակի նաեւ մեկ այլ որոշում, որն առնչվում է մայրաքաղաքի Նոր Նորք համայնքում թվով 492 վերելակների սպասարկման վճարի բարձրացման խնդրին: