ՄԵԼԻՔՅԱՆԻ ՃԻՇՏԸ
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով ծնունդով Տավուշի մարզից է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրենց մարզպետի փոփոխությունը «ճիշտ» որակեց: Հարցին, թե ո՞րն է ճիշտ` Ղուլարյանին պաշտոնանկ անելը, թե Աբովյանին նշանակելը, Մելիքյանը պատասխանեց. «Երկուսն էլ»: Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Մելիքյանի եւ Ղուլարյանի հարաբերությունները մշտապես եղել են լարված, ավելին՝ ժամանակին այդ պաշտոնի վրա «աչք ուներ» անձամբ ՀՀԿ խմբակցության քարտուղարը: Երեկ, սակայն, Գագիկ Մելիքյանը հերքեց այս լուրերը՝ տեղեկացնելով. «Շատ լավ հարաբերություններ եմ ունեցել եւ հիմա էլ լավ հարաբերությունների մեջ եմ»: Նշենք, որ երեկ էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տավուշի՝ արդեն նախկին մարզպետ Ղուլարյանը հերքելով իր պաշտոնանկության մասին լուրերը, ներկայիս մարզպետ Հովիկ Աբովյանի մասին էր ասում, թե «կարգին մարդ ա»:
ՀՈՎԻԿՆ ՈՒ ՎԱՐԴԵՆԻԿՑԻՆԵՐԸ
Երեկ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները, նրանց ծնողները Կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացրեցին: Նրանք պահանջում էին ազատ արձակել դեռեւս նախորդ տարի սեպտեմբերի 26-ին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Բադալյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով դեկտեմբերի 3-ին կալանավորված իրենց համադասարանցի, 17-ամյա Մեսրոպ Գրիգորյանին եւ աշխատանքից հեռացնել ուսուցչին ու նրա եղբորը` դպրոցի տնօրենին: «Ժողովուրդ»-ին տուժած Մեսրոպ Գրիգորյանի եղբայր Գեւորգը տեղեկացրեց, որ մինչ կառավարության նիստի սկսվելը, դժգոհող քաղաքացիներին է մոտեցել ոմն մեկը եւ խնդրել՝ հեռանալ շենքի առջեւից ու իրենց հուզող խնդրով դիմել մարզպետարան: Սակայն քաղաքացիները նրան չեն լսել եւ շարունակել են իրենց բողոքի ակցիան: Այնուհետեւ նրանց է մոտեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ լսելով քաղաքացիների դժգոհությունը, կանչել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ով անմիջապես եկել է: Վերջինիս մոտենալուց հետո, վարչապետը մի քանի ծնողների հետ մտել է Կառավարության շենք՝ քննարկելու քաղաքացիներին հուզող հարցը: Ու մինչ Հովիկ Աբրահամյանը եւ Արմեն Աշոտյանը ծնողների հետ քննարկում էին այդ հարցը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը բավականին անհոգ դեմքով դուրս եկավ Կառավարության շենքի գլխավոր մուտքից եւ պատրաստվում էր հեռանալ: Սակայն նրան զգուշացրեցին, որ չի կարող գնալ եւ պահանջեցին հետ վերադառնալ: Նախարարը բավականին շփոթված շտապեց Կառավարության շենք: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է նախարարին հետ կանչել` Վարդենիկի դպրոցականների հարցով: Ինչեւէ, շուրջ մեկ ժամ քննարկումից դուրս գալուց հետո, Հովհաննես Մանուկյանն ասաց. «Դատական պրոցես է ընթանում,եւ գործադիր իշխանությունն իրավունք չունի միջամտել, ուղղակի մենք ուզում ենք հասկանալ որոշ հարցերում օրինականության խնդիրը»: