«Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության կառավարման խորհուրդը երեկ սեփական գրասենյակում ասուլիս էր հրավիրել: Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ երբ իրենք պատրաստ լինեն իշխանափոխության, այդ մասին կտեղեկացնեն, իսկ այժմ չեն ցանկանում հանրությանը խաբել նման սին հույսերով:
«Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արայիկ Հարությունյանն անդրադառնալով այն պնդումներին, թե իրենց նոր միավորումը ֆինանսավորվում է Բաղրամյան 26-ից՝ նշեց. «Մեր ֆինանսավորումն իրականացվում է բացառապես պայմանագրի հիմնադրամի միջոցով: Բոլոր այդ փոխանցումներն ու ծախսերը դուք տեսնելու եք հիմնադրամի զեկույցներում: Այնտեղ կտեսնեք, թե Բաղրամյան 26-ից, թե այլ հասցեից ինչ փոխանցումներ են լինելու: Իշխանափոխություն անելու ենք այն պահին, երբ վստահ լինենք, որ կարող ենք դա իրականացնել: Մենք հիմա չենք կարող խաբել ձեզ եւ ժողովրդին` հավատացնելով, թե այս պահին կարող ենք դա իրականացնել»:
ԱԺ պատգամավոր, նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը եւս անդրադարձավ այդ հարցին` ընդգծելով. «Այն մարդիկ ու այն ուժերը, որոնք Սերժ Սարգսյանին իշխանության բերելու համար կրակել են մարդկանց վրա, ապա 2013-ի ընտրությունների ժամանակ մատը մատին չեն տվել Սերժ Սարգսյանին խանգարելու համար, կանեն ամեն ինչ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության եւ Բաղրամյան 26-ի հետ կապի իմիտացիա ստեղծելու եւ սեփական կապերը քողարկելու համար»:
«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ իր ելույթում նշեց. «Մենք տեսանք, թե ինչ արդյունքի հասան չորս կուսակցությունները. մենք այդ խաղի մեջ չենք մտնում: Մեր թիմի հետ միասին այլ հարցեր կքննարկենք եւ թե՛ արտահերթ, թե՛ հերթական զարգացումների կգնանք: Հիմա կառավարության փոփոխությամբ ոչ մի բան էլ չի փոխվել՝ Քաչալ Հասանին Հասան Քաչալով են փոխարինել»:
Նախաձեռնության անդամները հայտարարեցին նաեւ, որ իրենց նպատակն է ստեղծել ինստիտուցիոնալ ընդդիմություն, ձեւավորել ստվերային կառավարություն եւ, ի վերջո, հասնել իշխանափոխության իրականացմանը: Նախաձեռնության անդամները հայտնեցին, որ արդեն ունեն իրենց գրասենյակը, կայքը, հիմնադրամը. «Մեր նպատակն է ձեւավորել ապագա Հայաստանի նախագիծ եւ դրան հասնելու համար ներգրավել մասնակիցներ»:
Պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին՝ արդյոք իշխանափոխության հասնելու ճանապարհին կհամագործակցե՞ն ընդդիմադիր` հատկապես խորհրդարանական ուժերի հետ, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իրենք համագործակցելու են նախ եւ առաջ հասարակության հետ, իսկ քաղաքական ուժերի հետ համագործակցելիս պետք է հասկանան` ինչի շուրջ են համագործակցելու եւ կողմերից յուրաքանչյուրն ինչ պարտավորություններ ու իրավունքներ է ունենալու:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ