ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ մայիսի 12-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում մոտ 20 կին դատապարտյալ է թունավորվել: Հայտնել էինք, որ թունավորման դեպքի հետ կապված մի շարք գերատեսչություններ լուրջ ստուգումներ են սկսել ՔԿՀ-ում: Գրել էինք նաեւ, որ 4 կանանց մեկուսացրել են: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ նրանցից 2-ին արդեն մեկուսարանից դուրս են հանել, իսկ երկուսը դեռեւս շարունակում է մնալ ՔԿՀ համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում: Ավելին, մեզ տեղեկություններ հասան, որ հայտնի է դարձել, թե թունավորումը ջրի կամ ՔԿՀ-ի սննդի պահման վայրի, սպասքի հիգիենիկ վիճակի հետեւանքով չի եղել: Ստուգումները շարունակվում են, ու դեռեւս վերջնական պատճառը հայտնի չէ:
ՎԵՃԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 13-ին, գլխի վնասվածքով Վանաձոր բժշկական կենտրոն է տեղափոխվել Խնձորուտ թաղամասի բնակիչ, 56-ամյա Արծվիկը: Նա հիվանդանոցում հայտնել է, թե վնասվածքը ստացել է տանը: Մեզ հասած տեղեկություններով՝ Արծվիկ Մարգարյանը որդու` Ն. Մարգարյանի հետ տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել: Լեզվակռիվը վերածվել է քաշքշուկի, իսկ ավելի ուշ որդին աթոռով հարվածել է հորը: Հարազատների ու հարեւանների միջամտությունից հետո հորն ու որդուն կարողացել են հանդարտեցնել, իսկ ավելի ուշ Արծվիկին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը: Արծվիկին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ որդին ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն:
ԳՆԱՑԻՆ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ
Երեկ, ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրամանով՝ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննարկման ստորաբաժանումների երկու տասնյակից ավելի ծառայողներ: Տեղեկությունը ճշտելու նպատակով, Armlur.am-ը կապ հաստատեց Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, որտեղից հաստատեցին տեղեկությունը՝ հավելելով, որ աշխատանքից ազատման հրամանը պայմանավորված է համակարգում իրականացվող բարեփոխումներով: