ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ 4 ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆՏՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Մեծ Արմավիր համայնքում, եղբոր գերեզմանի մոտ, գիշերը, իր կնոջը սպանած 38-ամյա Արթուր Սարխոշյանը դատաբժշկական փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել: Արթուրը անմեղսունակ է, կինը` Արաքսյան, սպանված, իսկ նրանց որբացած 4 անչափահաս երեխաները հայտնվել են անելանելի վիճակում: Այստեղ է, որ հարց է առաջանում, իսկ ուր են պետական մարմինները, մի՞թե նրանք միայն պատժելու համար են, իսկ ուր է պետության պոզիտիվ պարտականությունը` աջակցելու, ապահովելու իր քաղաքացիների ու մարդու իրավունքներն ու շահերը:

Այս սպանությունը իսկապես ցնցել էր բոլորին, քանի որ շատերի համար, անհասկանալի պատճառով, 4 երեխաների հայր, երաժիշտ Արթուրը հարսանեկան արարողությունից վերադառնալիս տաքսու վարորդին խնդրել էր մեքենան կայանել իր մահացած եղբոր գերեզմանի մոտ, որտեղ դաժանաբար սպանել էր կնոջը` 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանին:
Ըստ Արթուրի մոր` տիկին Ազատուհու, իրենց օրեր առաջ հաջողվել է զրուցել որդու հետ, ով գտնվում է հոգեբուժարանում. «Արթուրը լացեց, թե՝ մամ, եթե Արաքսյան չկա, ես չեմ ուզում ապրել ու չեմ ապրի: Իսկ ավելի ուշ, երբ նոպաներ է ունենում, ասում է՝ լավ եմ արել,որ սպանել եմ»:

Թշվառ ընտանիքի ծանր դրաման
Ըստ տիկին Ազատուհու` իր որդիներից մեկը՝ Արտակը, տարիներ առաջ գետում 4 երեխաների կյանք է փրկել, սակայն իր կյանքը չի կարողացել փրկել. իսկ այսօր, մեր 4 երեխաների կյանքն է վտանգի տակ, բայց փրկող չկա. «Արտակիս մահից հետո Արթուրի մոտ ինչ-որ տարօրինակ բաներ նկատեցինք, տարանք բժշկի, ստուգման ենթարկեցին, համապատասխան դեղեր նշանակեցին ու նա նորմալ վիճակում էր: Նույնիսկ դեպքի օրը, երբ նրանք եղել են հարսիս հարազատների տանը, խոսել եմ հարսիս՝ Արաքսյայի հետ: Ինձ ասաց՝ մամ, Արթուրը շատ լավ է, ոչ մի գրամ չի խմել: Անգամ դեպքի օրը, երբ կնոջը սպանել է, ստուգել եւ համոզվել են, որ ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Երեւի նոպան սկսվել է, ու եղավ այն, ինչ եղավ»,-ասաց տիկին Ազատուհին:
Ըստ Արթուրի հոր` Ռադիկ Սարխոշյանի, ինքն անձամբ է գերեզմանոցում հայտնաբերել սպանված հարսին ու երակները վնասած որդուն. «Մի քիչ ուշ հասնեի Արթուրն էլ չէր լինի, ինչ ասեմ: Երբ մի օր հարցրեցի, թե ինչո՞ւ այդպես արեցիր, ինչո՞ւ ընտանիքդ քանդեցիր, ինձ ասաց, թե ինքը ցուլեր է տեսել, թե իբր եկել են իր վրա ու ինքը սկսել է խփել, բայց չի պատկերացրել, որ իր կինն է»:
Ինչեւէ, այսօր որբ մնացած 4 անչափահաս երեխաներին` Միլենային, Լիլիթին, Արտակին եւ Ազատուհուն, պահում են թոշակառու տատիկն ու պապիկը: Այս պատմության մեջ ամենադաժանն այն է, որ ընտանիքը շուտով կհայտնվի փողոցում: Ինչպես տեղեկացանք տիկին Ազատուհուց, բնակարանը, որտեղ հիմա իրենք ապրում են, Արմավիր համայնքի համայնքապետն է տրամադրել որպես ժամանակավոր կացարան: Եվ ահա բնակարանի սեփականատերը նրանց հայտնել է, որ շուտով վերադառնալու է արտագնա աշխատանքից եւ իրենք պետք է լքեն տունը. «Մինչեւ մայիսի վերջ ժամանակ են տվել լքել տունը: Ուր ենք գնալու, ինչ ենք անելու, Աստված գիտի՝ այս երեխաներին ինչ ճակատագիր է սպասվում: Աստված մեզ այնքան կյանք տա, որ մենք նրանց պահենք , ոչ հեր ունեն, ոչ մեր , հիմա էլ տնից են զրկվում: Երանի այս երեխաները գոնե մի փոքրիկ անկյուն ունենային, որ գոնե այս դժբախտություններից հետո իմանային, որ ոչինչ չունեն, բայց գոնե տուն ունեն, իսկ ես մեռնելուց գոնե հանգիստ կլինեմ, որ երեխեքս անհեր-անմեր են, բայց տուն ունեն»:
Հ.Գ. Կարծում ենք, որ այս հրապարակումը պատշաճ հիմք է Արմավիրի մարզի մարզպետի, Արմավիրի համայնքապետի եւ մյուս պատասխանատու պետական ու տեղական պաշտոնյաների համար, որպեսզի վերջիններս իրենց լիազորությունների սահմաններում կացարանով ապահովեն փողոցում հայտնվող բազմանդամ ընտանիքին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս