Ո՞ՒՐ ԵՆ ՆԱՅՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է լրագրողական հետաքննությունը` Էդմոն Մարուքյանին կեղծ տեղեկանքի հիման վրա ԱԺ պատգամավոր դարձնելու վերաբերյալ` ներկայացնելով պաշտոնական փաստաթղթեր, որ նա 2009թ. հունիսի 13-ից մինչեւ 2010թ. հունիսի 30-ը՝ 1 տարի 17 օր, Հուբերտ Համֆրիի անվան ծրագրի շրջանակներում սովորել եւ մշտապես բնակվել է ԱՄՆ-ում:

Թերթի նախորդ համարում արդեն ներկայացրել ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Մարուքյանի վերաբերյալ լրագրողական 2 հարցումներին ի պատասխան նշել էր, թե Հուբերտ Համֆրիի անվան ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել այդ ծրագրի կայք՝ /http://humphreyfellowship.org//: Համֆրիի ծրագրի պաշտոնական կայքում արձանագրված է «Ծրագիրը նախատեսում է 10-ամսյա ոչ ակադեմիական կրթություն եւ մասնագիտական փորձառություններ՝ Միացյալ Նահանգներում: …Անդամները, որոնք ծրագրի թեկնածուներն են, պետք է լավացնեն անգլերենի իմացությունը նախքան ծրագրին մասնակցելը (սովորաբար՝ ամառային ամիսներին)։ … Համֆրիի անդամները սկսում են իրենց ծրագիրը ԱՄՆ-ում՝ ապրիլ-սեպտեմբեր ամիսներին, կախված անգլերեն լեզվի իմացությունից: Ծրագիրն ավարտվում է հաջորդ տարվա հունիսին»:
Քաղաքացիների` ՀՀ տարածքի մուտքի եւ ելքի մասին սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ «Էդմոն Մարուքյանը AH0545912 անձնագրով Հայաստանից մեկնել է (ելք) Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից՝ 2009թ. հունիսի 13-ին՝ ժ. 05:00:41-ին (դա «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ անցակետը հատելու ժամանակն է (եւ Հայաստան է վերադարձել (մուտք) Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանով՝ 2010 թ. հունիսի 30-ին՝ ժ. 07:09:35-ին՝ (դա «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ անցակետը հատելու ժամանակն է) ԱՄՆ-ում կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագրով՝ AK0506783»: Եվ ինչպես նշված է ծրագրի պաշտոնական կայքում /http://humphreyfellowship.org/ «մասնագետների մեկ տարվա պատրաստումը Միացյալ Նահանգներում» ունի հետեւյալ ժամանակագրությունը «Համֆրիի անդամները սկսում են իրենց ծրագիրը ԱՄՆ-ում՝ ապրիլ-սեպտեմբեր ամիսներին (խոսքը 2009թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսների մասին է-խմբ.), կախված անգլերեն լեզվի իմացությունից» եւ «Անդամները, որոնք ծրագրի թեկնածուներն են, պետք է լավացնեն անգլերենի իմացությունը նախքան ծրագրին մասնակցելը (սովորաբար ամառային ամիսներին)», Մարուքյանը ոսկերչական ճշգրտությամբ տեղավորվել է այս ժամկետների ու սխեմայի մեջ: Նա ԱՄՆ է մեկնել 2009թ. հունիսի 13-ին եւ «ամառային ամիսներին» (հունիս-օգոստոս-խմբ) մասնակցել է անգլերենի այդ դասընթացներին, որովհետեւ «Անդամները, որոնք լավ չեն տիրապետում Թօյֆլի ծրագրին, կարող են մասնակցել անգլերենի ինտենսիվ ուսուցմանը, մինչեւ ընկերության դասերի սկսվելը»: Իսկ «մինչեւ ընկերության դասերի սկսվելը» անցկացված անգլերենի այդ դասընթացներն ավարտելուց հետո՝ 2009թ. օգոստոսից մինչեւ 2010թ. հունիս ամիսը ներառյալ, այսինքն՝ ուղիղ 10 ամիս, Մարուքյանը մասնակցել է արդեն Համֆրիի ծրագրի 10-ամսյա տեւողությամբ բուն դասընթացներին: Այս 10-ամսյա ժամկետն ամրագրված է սույն հրապարակման մեջ բազմիցս մատնանշված Համֆրիի ծրագրին վերաբերող բոլոր պաշտոնական կայքերում, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական պատասխանում՝ «Էդմոն Մարուքյանը մասնակցել է Հուբերտ Համֆիրի անվան գիտահետազոտական կրթաթոշակների ծրագրին 2009-2010 թթ.: Հուբերտ Համֆրիի ծրագիրը 10 ամիս տեւողությամբ մասնագիտական կատարելագործման ծրագիր է ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձանց համար, որի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստանում ուսանել ու մասնագիտական փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում»:
Փաստորեն ԱՄՆ-ում անցկացվող մեկ տարի տեւողությամբ Համֆրիի ծրագիրը, որի բուն դասընթացների ժամանակահատվածը 10 ամիս է, Մարուքյանի համար դարձել է մի փոքր ավելի: Դա եւս մեկ անգամ հաստատվում է Համֆրիի ծրագրի եւ Մարուքյանի կենսագրության վերաբերյալ կայքերում http://www1.umn.edu./humanrts/center/humphrey/2009-10FellowsBios.html, http://www.linkedin.com/pub/edmon-marukyan/17/56a/751 տեղակայված հետեւյալ տեղեկատվությամբ. «Համֆրիի ընկերության անդամ լինելու մեկ տարվա ընթացքում պարոն Մարուքյանը կենտրոնացել է մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների վրա», կամ «Էդմոն Մարուքյան. Մինեսոտայի համալսարան, մարդու իրավունքների կենտրոն կրթական հաստատություն՝ 2009 օգոստոս-2010 հուլիս (1 տարի)», «2010 թ. փետրվարից մինչեւ հունիս (հունիս ամիսը Համֆրիի ծրագրի ավարտի ժամկետն է-խմբ.) ես աշխատում էի Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի Նյու Յորքի գրասենյակում»,- իր մասին գրել է Մարուքյանը: Ինչպես ասում են՝ NO COMMENT:
Հարց է առաջանում, թե էլ ինչպիսի՞ ինքնախոստովանական ցուցմունքներով պետք է հանդես գա Մարուքյանը, որ ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը «Մարուքյան եւ պապաներ» կանտորայի բոլոր հանցագործներին ուղարկի Կոշի գաղութ: ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությանը, Ոստիկանությանը եւ ՀՀ Գլխավոր դատախազությանը առաջարկում ենք լուծել հետեւյալ խնդիրը՝ ինչպե՞ս է ստացվել, որ մարդկության պատմության մեջ միայն մի անտեսանելի հրաշագործի՝ Էդմոն Հրաչիկի Մարուքյանին է հաջողվել 2009թ. հունիսի 13-ից մինչեւ 2010թ. հունիսի 30-ը Համֆրիի ծրագրի շրջանակներում 1 տարի 17 օր գտնվելով ԱՄՆ-ում, ստացիոնար հիմունքներով սովորել ու աշխատել Միացյալ Նահանգներում եւ միաժամանակ, Մարուքյանի բառերով` մշտապես չբացակայել Հայաստանից, այլ գնալ-գալ եւ այդ ֆոկուսը կատարել բացարձակ անտեսանելիության ծիրում:
Ի դեպ, 2009թ. հունիսի 13-ից մինչեւ 2010 թ. հունիսի 30-ը Համֆրիի ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում մշտապես բնակվող եւ սովորող Մարուքյանին ավելի քան 8 ամսով՝ 2009թ. սեպտեմբերի 6-ից մինչեւ 2010թ. մայիսի 15-ը միասին այցելել են Մարուքյանի կինը եւ 2 տարեկան որդին, որոնց՝ ԱՄՆ մեկնելու եւ վերադառնալու բոլոր մանրամասները ներկայացվել է «Ժողովուրդ» թերթի 2014թ. մայիսի 13-ի հրապարակման մեջ:
«Մարուքյանի գործով» «Ժողովուրդ» օրաթերթի այս եւ առաջիկա հրապարակումները, որոնք հանցագործության մասին հաղորդումներ են, ավարտում ենք ՀՀ գլխավոր դատախազությանը, Հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգութան ծառայությանը եւ Ոստիկանությանը ուղղված հետեւյալ հիշեցումով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի համաձայն` քրեական գործ հարուցելու առիթներից են «հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները»:
շարունակելի

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս