Երգիչ ԱՐՄԵՆ ՍԱՄՍՈՆՅԱՆՆ ավելի շատ հայտնի է Գոճի մականվամբ: Ծնվել է 1965թ. Ապարանում: Ավարտել է թիվ 13 երաժշտական դպրոցը, ապա Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի փողային էստրադային բաժինը:
-Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ Գոճի:
-Դա ես չեմ ընտրել, դեռ բարուրի մեջ տատիկս է ասել, էդպես էլ մնացել է: Մարդիկ, երբ նոր են ծանոթանում, ասում են` ախր ոչ մի բանը նման չի գոճիի: Դե հիմա ի՞նչ ասեմ, դպրոցի ժամանակներից էլ չեմ հարմարվել:
-Ինչպե՞ս սկսվեց երգչի Ձեր ճանապարհը:
-Քեռիներս լավ երգիչներ են եղել, գեներով եմ քաշել: 9-րդ դասարանից ռեստորանում եմ երգել: Դպրոցից հետո իրիկունները գնում էի ռեստորան` երգելու:
-Ո՞ր ռեստորանում էիք երգում, եւ ինչպե՞ս էին Ձեր ծնողները թույլ տալիս, որ աշխատեք:
-Երգում էի Մոնումենտի «Արագիլ» ռեստորանում, հետո «Փարոս»-ում, «Անի» հյուրանոցի ռեստորանում, «Ուրարտու»-ում: 25 տարուց ավել ռեստորաններում եմ երգում: Փոքրուց հորս կորցրել եմ, մայրս էլ մի քանի տեղ էր աշխատում, որ կարողանա երեք երեխա պահել, ես էլ գնում, երգում, փող էի աշխատում, էլ ի՞նչ դեմ լինեին: Պայմաններն էին ստիպում, որ աշխատեմ: Մայրս էլ տարիներ հետո մահացավ, ես ինքնուրույն մեծացա: Տան մեծը ես էի, փող աշխատողն էլ էի ես:
-Հիմա ո՞ր ռեստորանում եք աշխատում:
-Արդեն 16-17 տարի ա` «Օջախ»-ում եմ աշխատում:
-Կմտաբերե՞ք` այս տարիների ընթացքում ամենից շատ որ երգն են պատվիրել:
-Շատ են սիրում «Պառավ յար» երգը, բայց այդ երգը երգելուց ասում եմ. «Ինձ համար իմ թառլան յարը թանկ է, թանկ», որ «պառավով» էլ երգում եմ, կողքի կինը կամ ընկերուհին նեղանում են: Ժամանակին «50 տարի» երգն էին շատ պատվիրում: Ինչ ծնունդ լիներ, ասում էին` կլինի՞, օրինակ, երգես 40 տարի:
-17 տարի մի վայրում եք աշխատում, ամեն օր նույն գործը, իսկ ցանկություն չկա՞ ինչ-որ բան փոխելու:
-Ի՞նչ փոխենք, քույրի՛կ ջան, էս տարիքում էլ ի՞նչ փոխես: Արդեն սովորել ենք, մի օջախի պես ապրում, աշխատում ենք: Ինձ թվում ա` մնացել ա մի քանի տարի էլ երգենք ու անցնենք թոշակի:
-Մտածե՞լ եք` ինչ եք անելու, երբ թոշակի գնաք:
-Մի սիրուն ռեստորան էլ մենք կսարքենք: Ինձ թվում ա` իմ կյանքը ռեստորանով սկսվել ա, ռեստորանով էլ կշարունակվի:
-Իսկ ինչո՞ւ հեռուստաեթերում կամ բեմում չկաք:
-Բեմն ավելի լուրջ բան ա պահանջում: Ես հո Լեոնտեւ կամ Ռուբեն Մաթեւոսյան չե՞մ: Կարո՞ղ ա էդ հեռուստատեսությունը բեսեդկայա, որ ով ուզի` գնա, ելույթ ունենա: Մենք երգիչ ենք, ժողովուրդը մեզ հարսանիքներով, ռեստորաններով ա ճանաչում, ինձ դա հերիք ա: Հիմա ես գնամ, բեմում կամ հեռուստատեսությամբ ի՞նչ երգեմ: Ես կլիպ անող չեմ, իմ երգերը մարդիկ ամեն օր լսում են ռեստորաններում: Ես ամեն ժանրում էլ երգում եմ: Ուղղակի էդ ռաբիսն էնքան են ծամծմել, հենց դրա համար էլ չեմ ուզում գնամ, հեռուստատեսությամբ երգեմ, որ ավելորդ անգամ թեմա չդառնամ: Ամեն երգիչ հիմա վազում, նկարահանվում ա: Հեռուստատեսությունն ուրիշ կլասի երգիչների տեղ ա: Ու ինչ են երգում` իրանք էլ չգիտեն:
-Ուզում եք ասել, որ շատ երգիչ-երգչուհիներ, որոնք այսօր եթերում են հայտնվում, այդքա՞ն էլ արժանիքներ չունեն:
-Հա՛, բա իհարկե, ախր հեռուստատեսությունը հազար տեսակ մարդ ա նայում, պետք ա ճաշակը համապատասխանի, որ մարդ, իր տանը նստած, չփոխի ալիքը, այլ հաճույքով լսի:
Որ ճիշտն ասեմ, իմ տարիքը երեւի անցել ա, դե արդեն էլ 20 տարեկան չեմ, որ գնամ, նոր կլիպ հանեմ: Հիմա շատ ջահելներ կան, թող իրանք անեն, օրինակ` Ջոնիս, ինքն իմ փոքր զեմլյակ ընկերն ա:
-Դո՞ւք էլ եք ապարանցի:
-Հա՛, բա ոնց: Թասիբով կարգին ժողովուրդ են ապարանցիները: Իմ հողն ու ջուրը շատ ա ազդել իմ վրա: Ապարանցիներն աղ ու հացով մարդիկ են, նամուսով, ադաթով: Ես իսկական հին ադաթները պահպանող մարդ եմ: Կապ չունի, որ քաղաքում ենք ապրում, ապարանցիներին վայել թասիբով ապրող մարդիկ ենք:
-Մի քիչ Ձեր ընտանիքից կպատմե՞ք:
-Ամուսնացած եմ, աղջիկ ունեմ, 22 տարեկան է, ավարտել է Սլավոնական համալսարանի քաղաքագիտության բաժինը, հիմա էլ պատրաստվում է աշխատել:
-Գիտենք նաեւ, որ հարսանիքներին եք երգում: Պատահե՞լ է, որ մի ամբողջ հարսանիք միայնակ երգեք:
-Մի քանի տարի առաջ հարսանիքներին միայն մի երգիչ էր, էդ հիմա ա, որ ուզում են` մի քանիսը լինեն: Բայց դե էսպես էլ մեր գործն ա թեթեւանում:
-Ու նաեւ հոնորա՞րն է պակասում:
-Դա էլ կա:
-Սովորաբար երգիչները խուսափում են բարձրաձայնել իրենց հոնորարի չափը, Դուք կասե՞ք, թե մի հարսանիքից ինչքան եկամուտ է լինում:
-Ասե՞մ որ: Դե պատահում ա, որ 500 դոլար աշխատես, կամ եթե սկզբից մինչեւ վերջ երգես` մի 1000-1500 դոլար: Համենայնդեպս, նորմալ ապրում եմ, առանց պարտք եւ պահանջի, կարողանում եմ ամեն տարի ընտանիքիս հետ գնամ հանգստանալու:
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՍԵԴԿԱ ՉԻ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ