ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ սեփական «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նորանշանակ կառավարության գործունեությունից իր ակնկալիքներին: Ընդգծելով նախորդ կառավարության թույլ տված սխալները` ԲՀԿ առաջնորդն ասել է. «Դժվար է նախանձել այս կառավարությանը, որին դժվար աշխատանք է սպասվում: Բայց եթե կառավարությունն ունենա ինչ-որ բան փոխելու կամք ու ցանկություն, ապա հնարավոր կլինի իրավիճակը շտկել»: Ծառուկյանը նաեւ նշել է, որ դրական փոփոխությունների բացակայության դեպքում իրենք հետամուտ կլինեն «շատ ավելի լուրջ փոփոխությունների», իսկ առայժմ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը ԲՀԿ-ն տալիս է 100 կամ 200 օր փորձաշրջան:
Նկատենք, որ թեեւ Ծառուկյանն ամեն առիթով նշում է, որ Հովիկ Աբրահամյանի հետ իր խմամիական կապերը որեւէ կերպ չեն անդրադառնալու նորանշանակ կառավարության գործունեության նկատմամբ ԲՀԿ-ի դիրքորոշման վրա, այդուհանդերձ, գոնե առայժմ բավականին տեսանելի է Ծառուկյանի ղեկավարած կուսակցության, մեղմ ասած, «լոյալությունը» Հ. Աբրահամյանի կաբինետի հանդեպ:
Եվ չնայած դրան` Ծառուկյանը երեկ եւս մեկ անգամ հայտարարել է. «Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ»: Անկեղծ ասած` անգամ ամենամեծ ցանկության դեպքում դժվար է հավատալ ԲՀԿ առաջնորդի այս պնդմանը: Մեր իրականությունը, ցավոք, յուրաքանչյուր քայլի ի ցույց է դնում այդ պնդման ճիշտ հակառակ պատկերը: Հայաստանում ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական լուրջ կատեգորիաներ են ծանոթ, խնամի, բարեկամ կապերը, որոնք գրեթե մշտապես որոշիչ նշանակություն են ունենում` սկսած ուսման, ապա աշխատանքի տեղավորելուց, ավարտած` տարբեր «տենդերներ» շահելով, բիզնես արտոնություններով եւ, ի վերջո, պատգամավորական մանդատներ ստանալով: Ընդ որում, դա համատարած բնույթ է կրում, եւ առնչվում է հավասարապես բոլոր քաղաքական ուժերին:
Սակայն քանի որ նման պատասխանատու հայտարարությամբ ԲՀԿ առաջնորդն է հանդես գալիս, արժե, թերեւս, հիշել Երեւանի ավագանու կազմը (Ծառուկյանի փեսային` Աբովյանի քաղաքապետին, մի կողմ թողնենք), որը պարզորոշ կերպով ցույց է տալիս բարեկամության` քաղաքական կատեգորիա չլինելու մասին պնդումների սնանկությունը: Հիշեցնենք, որ ավագանու ԲՀԿ ցուցակում հանգրվանել էին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դուստրն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրոջ դուստրը: Իհարկե, է՛լ ավելի շատ էին ՀՀԿ-ական «ոչ քաղաքական կատեգորիաները»` ի դեմս Ս. Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբոր, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու եւ փեսայի, Աժ պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանի եւ Արա Բաբլոյանի որդիների:
Այնպես որ, պետք չէ այդքան հաճախ եւ այդքան համառորեն պնդել, թե խնամիական կամ բարեկամական կապերը կարեւոր չեն: Միեւնույն է, դրան ոչ ոք չի հավատում:
ԽՆԱՄԻՍ ՈՒ ԵՍ (խմբագրական)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ