ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՕԴԵՐԸ»

Ռուսաստանը բացահայտ կերպով հավակնում է թիվ մեկ գազային շանտաժիստի կոչմանը, իսկ ՀՀ իշխանություններն էլ` թիվ մեկ ենթարկվողներինը: Նշենք, որ սա ոչ թե գնահատողական դատողություն է, այլ պետական բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության ուղիղ արձանագրում: Նախօրեին ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն ասել է, որ Հայաստան-Իրան էլեկտրամատակարարման երկրորդ գծի շինարարության նախագիծը դադարեցվել է: Փոխնախարարը հայտարարել է, որ դա կապված է ֆինանսավորող բանկի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ: Սակայն այս ամենը միայն առաջին հայացքից: Նորմալ երկրներում պետական պաշտոնյայի հայտարարությունը թերեւս բավարար է թեման սպառված համարելու համար, բայց Հայաստանի պարագայում ընդհակառակը` պաշտոնական հայտարարությունը 180 աստիճան հարաբերակցության մեջ է հարցադրման հետ: Բանն այն է, որ Հայաստանը իրանական գազի դիմաց վճարում է էլեկտրաէներգիայով: Եվ եթե հիմա խոսվում է էլեկտրամատակարարման երկրորդ գծի կառուցման դադարեցման մասին, դա նշանակում է, որ առաջիկայում կդադարեցվի նաեւ իրանական գազի մատակարարումը: Իսկ իրանական գազ չի մատակարարվելու, որովհետեւ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է օգտվել բացառապես ռուսական գազից` իր սահմանած գներով ու խաղի կաննոներով: Եվ այս ամենը` դեռ ՄՄ-ին չանդամակցած:

 

Զարմանալի է, որ կառավարության նոր կազմում Երվանդ Զախարյանի նշանակումից հետո, տեւական ժամանակ է՝ լռում է «չորրորդ խոսափող»-ով տարիներ շարունակ հանրահայտ «Մազութի գործի» մասին աղաղակող Արշակ Սադոյանը: Շատ զարմանալի զուգադիպությամբ, Ե. Զախարյանը, ում անունը փոխնախարար եղած ժամանակ առնչվում էր «Մազութի գործին», այսօր կրկին վերադարձել է այդ նախարարություն՝ արդեն նախարարի պաշտոնում: Հիշեցնենք, որ 1992թ. հուլիսին Հայաստանում ստեղծված «Հայգազվառելիք» պետական ձեռնարկությունը պետք է ապահովեր նաեւ «Ձմեռ 92-93» ծրագրի իրականացումը: Պլանավորված էր ՌԴ-ից գնել 70 հազար տոննա մազութ՝ տոննան ոչ ավելի քան 60 դոլարով: Այն պետք է մի փոքր ավելի թանկ գնով վերավաճառվեր, իսկ ստացված եկամուտը դրվեր Պաշտպանության նախարարության տրամադրության տակ: Այս գործի պատասխանատվությունը դրվել էր էներգետիկայի փոխնախարար Երվանդ Զախարյանի վրա: Իսկ փաստը մինչ օրս այն է, որ ոչ մազութը կա, ոչ փողը:

 

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի եղբայրը` Վարդան Խաչատրյանն, ասաց, որ պատրաստվում են հարազատներով լուրջ քայլերի դիմել: Նա հայտնեց, որ դատական համակարգին մոտ կանգնած մարդկանցից իրեն տեղեկություններ են հասել, որ իր եղբորը 18 տարվա ազատազրկման են դատապարտում Լյուքս Ստեփանյանի ծնողներին հանգստացնելու նպատակով: «Եթե մյուս կողմին հանգստացնելու համար են դա անում, ապա մեր կողմը չի լռելու ու կտեսնեք՝ այս սպանությունը կդառնա ազգային ողբերգություն, վենդետա: Մենք էլ չենք լռելու, թող դատեն իմ եղբորը օրենքի շրջանակներում, թե չէ` մենք մեր քայլերի համար պատասխանատու չենք լինի: Այլեւս չենք կարող լռել, այն երեխան այնտեղ մեռնում է: Դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, թող թույլ չտա, որ ավելի վատ բաներ տեղի ունենան, թող օրենքով իմ եղբորը դատեն, բայց ոչ անարդար»:

 

«Ժողովուրդ»-ը դեռեւս 2014 թվականի հունվարի 15-ին գրել էր, որ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարների օգտագործման խախտումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 291-րդ հոդվածի հատկանիշներով: Այս հոդվածը վերաբերում է ընդերքի պահպանման ու օգտագործման կանոնների խախտմանը: Նշենք, որ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության օգտագործելի ջրային ռեսուրսների ընդհանուր զանգվածում վերականգնվող ստորգետնյա ջրային ռեսուրսները կազմում են 1 մլրդ խորանարդ մետր, սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ միայն Արարատի մարզում ջրառի ծավալը տարեկան կազմում է 11 մլրդ 69 միլիոն 482 հազար 93 խորանարդ մետր: Այսինքն՝ ջրօգտագործողների կողմից թույլ է տրվել ստորգետնյա ջրային պաշարների գերշահագործում: Ով է թույլատրել այդ ապօրինությունները եւ ով պետք է պատասխան տա բնական հարստության անխնա թալանի համար: Բնապահպանության նոր նախարարը հավաստիացնում է, որ մեղավորները կպատժվեն:




Լրահոս