ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՁԱՆԸ ՁՈՒԼԱՐԱՆՈՒՄ Է

Չնայած հանրային բուռն դժգոհությանը, քաղաքային իշխանությունները, փաստորեն, հաստատակամ են խորհրդային գործիչ Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու հարցում: Արձանն արդեն ձուլարանում է. կաղապարը հանվել է եւ վերջնական տեսք ստանալու համար մնում են ձուլման աշխատանքները: Ուշագրավ է, որ հայ քանդակագործներից որեւէ մեկը չի ցանկացել քանդակել Միկոյանի արձանը, եւ որոշվել է պատճենել Մոսկվայում նրա գերեզմանի վրա տեղադրված մահարձանը: Արձանը կունենա 1,7մ բարձրություն եւ կլինի բրոնզաձույլ:

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵՑ

Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ առաջիկայում նշանակվելիք ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդիոն: Համանախագահները Սերժ Սարգսյանի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու հետագա քայլերը:

ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՌ ԿՍՊԱՍԻ

ՆԱՏՕ-ն դեռ չի լուծել սեպտեմբերին կայանալիք իր գագաթաժողովում Վրաստանին MAP (դաշինքին անդամակցելու գործողությունների պլան) տրամադրելու հարցը: Այս մասին Սլովակիայում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը. «Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա մենք դիտարկելու ենք բաց դռների քաղաքականությունը, սակայն դեռ վաղ է ասել, թե ինչ կերպ: Բայց ես կարծում եմ, որ Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել բարեփոխումների պլանում, անցկացրել է օրինակելի ընտրություններ, նպաստել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին»:

ԹՈՒՆԱՎՈՐԵԼ ԵՆ ԳԵՏԸ

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի միջով անցնող Շահվարդ գետում երեկ արձանագրվել է ձկների զանգվածային անկում: Դեպքի վայր են այցելել ԱԻՆ, մարզպետարանի եւ հակահամաճարակային տեսչության աշխատակիցներ, որոնք գետից փորձանմուշներ են վերցրել: Ձկների սատկելու պատճառն առայժմ հայտնի չէ:

ԱՌԱՆՑ ՌԵԺԻՄԻ

Երեկ Ազատության հրապարակում «Նախախորհրդարան»-ի անցկացրած հանրահավաքի ընթացքում նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանն ասել է. «Մենք այստեղ հավաքվել ենք հայտնելու մեր վճռականությունը, որ մենք Մեծ եղեռնի 100-ամյակը դիմավորելու ենք առանց այս ռեժիմի: Որովհետեւ, եթե 100-ամյակը դիմավորենք այս ռեժիմի օրոք, դա նշանակում է՝ ցեղասպանությունը շարունակվում է»:

ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

Երեկ կայացել է Հայաստանի ժողովրդական կուսակցության 8-րդ համագումարը, որին մասնակցել են կուսակցության մոտ 150 անդամներ: Համագումարն ընտրել է քաղաքական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են ԱԺ նախկին պատգամավոր Գրիգոր Հարությունյանը, ԿԸՀ նախկին անդամ Ֆելիքս Խաչատրյանը եւ այլք: Համագումարի պատվիրակների միաձայն որոշմամբ կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվել է Ստեփան Դեմիրճյանը:




Լրահոս