ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԵԾԵԼ Է

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Հարեւանուհիներ Թերմինեն եւ Ռիման վիճաբանել են, ապա Թերմինեն սկսել է բռունցքներով հարվածել Ռիմային: Մեզ հետ զրույցում Ռիմայի հարեւանները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, պատմեցին, որ Ռիմայի տունը 2013թ. սեպտեմբերի 6-ին հրդեհել են եւ դա արել է Թերմինեն: Եվ երբ հարեւաններով սրճելիս են եղել, վերջինս անկեղծացել ու պատմել է, որ հրդեհի հեղինակն ինքն է եղել, որի պատճառով կանանց սուրճը վեածվում է ծեծկռտուքի: Ըստ հարեւանների` հրդեհի օրը, Ռիմայի տանից անհետացել են նաեւ 160.000 դրամ գումար եւ ոսկյա իրեր: Բնակիչների խոսքերով` ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ նրանց հարեւանուհի Լորետան է գումարն ու ոսկեղենը գողացել:

ԳՈՐԾԸ ԿՓԱԿԵ՞Ն

Շուրջ 8 ամիս է՝ Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյա բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանը գտնվում է կալանքի տակ, սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գրքիկյանի որդին ասաց, որ հնարավոր է՝ իր հորն ազատ արձակեն: «Ինձ տեղեկություններ են հասել, որ գործը դատարան կարող է չգնալ ու հնարավոր է՝ փակվի: Չգիտեմ, մի շաբաթից պարզ կլինի»,-ասաց Գրքիկյանի որդին: Նշենք, որ Հովհաննես Գրքիկյանը համարվում էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերը: Նրան կալանավորել են 80 միլիոն դրամ Գյումրու քաղաքապետարանի բյուջեից փողոցների ասֆալտապատման նպատակով գումար դուրս գրելու ու ոչինչ չանելու համար:

ՍԻՆ ԽՈՍՏՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներն օրեր առաջ հանդիպել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանի հետ: Գործարանի աշխատակիցները նախարարին ներկայացրել են ներկա իրավիճակը, ինչին ի պատասխան նորանշանակ նախարարը ժամանակ է խնդրել աշխատակիցներից եւ խոստացել՝ այս հարցի հետ կապված մայիսի 21-22-ին հստակ պատասխան տալ: Միեւնույն ժամանակ տեղեկացնենք, որ տեւական ժամանակ է, ինչ նաիրիտցիները իրենց հասանելիք աշխատավարձերը չեն ստացել, բացի այդ գործարանում շարունակվում է աշխատակիցների կրճատման գործընթացը:

ՁՈՒՆ` ԱՐՑԱԽԻՑ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեւանյան խանութներում այս օրերին վաճառվում է Լեռնային Ղարաբաղում արտադրված հավկիթ, որը ՀՀ-ում արտադրվածի համեմատ ավելի էժան է: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվել, թե քանի հավկիթ է ԼՂՀ-ից ներկրվել Հայաստան: Պարզվեց, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի հետ չունի որեւիցե սահմանազատում: «Ըստ այդմ, սահմանային հսկողություն չի կատարվում, հետեւաբար չի կարող լինել սահմանային հսկիչ կետ: ՀՀ-ն համարվում է ԼՂՀ-ի հետ միասնական տնտեսական տարածք: Ինչպես յուրաքանչյուր մարզից կարող են ապրանք բերել եւ Երեւանում վաճառել, այնպես էլ անարգելք ԼՂՀ-ից կարող են բերել եւ ՀՀ-ում վաճառել»,-պատասխանեց ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը: Տեղեկացնենք, որ մարտի 19-ից մինչ օրս այլ երկրներից Հայաստան ձու չի ներկրվել:




Լրահոս