ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻ ՔՐԵԱԾԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով իրեն բաժին հասած նախարարության քրեական գործերով հարուստ ժառանգությանը, ասաց, որ ամեն ինչ կանի, որ մեղավորները պատժվեն:

«Ժողովուրդ»-ը դեռեւս 2014 թվականի հունվարի 15-ին գրել էր, որ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման խախտումների վերաբերյալ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 291-րդ հոդվածի հատկանիշներով: Այս հոդվածը վերաբերում է ընդերքի պահպանման ու օգտագործման կանոնների խախտմանը, որը բավականին մեղմ պատիժ է սահմանում՝ տուգանքից մինչեւ առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկում:
Ավելին՝ ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, թե կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել էր, որ Արարատի մարզում առկա են 1379 խորքային հորեր, որոնցից ջրօգտագործման թույլտվություն ունեն միայն 467-ը, իսկ 912-ն ապօրինի են։ Թե երբվանից են շահագործվում այս խորքային հորերը, դեռ պարզվում է:
Միայն պաշտոնապես հայտնի է, որ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի համաձայն՝ հանրապետության օգտագործելի ջրային ռեսուրսների ընդհանուր զանգվածում վերականգնվող ստորգետնյա ջրային ռեսուրսները կազմում են 1 մլրդ խորանարդ մետր, սակայն կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ միայն Արարատի մարզում ջրառի ծավալը տարեկան կազմում 11 մլրդ 69 միլիոն 482 հազար 93 մետր խորանարդ։ Այսինքն՝ ջրօգտագործողների կողմից թույլ է տրվել ստորգետնյա ջրային պաշարների գերշահագործում` սահմանված առավելագույն շեմից ավելի, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին, ընդերքին եւ դրանցում պարփակված օգտակար հանածո հանդիսացող ջրային պաշարներին:

Սա դեռ վերջը չէ
ՀՀ բնապահպանության նախարարության բնավեր գործունեությունը, բարձիթողի վիճակը, բնության նկատմամբ հանցավոր անփութությունը արդյունքում հանգեցրել է եւս մի քանի քրեական գործերի հարուցման, այս անգամ ապօրինի ծառահատումների դեպքերով: Հրապարակել էինք, որ ապօրինի ծառահատման փաստերով մի քանի քրեական գործեր են հարուցվել Լոռու մարզում: Ինչպես նաեւ «Ժողովուրդ»-ը մի քանի հրապարակումներ արեց Վայոց ձորի մարզում կատարված ապօրինի ծառահատման մասին, որը կատարվել էր հէկ կառուցելու նպատակով: Նշել էինք, թե ըստ տեղեկությունների՝ ովքեր են կանգնած այդ շինարարության թիկունքում: Այդ դեպքով եւս, ըստ մեզ հասած տեղեկությունների` հարուցվել է քրեական գործ:

Հանցագործությունը կա, պատասխան տվող չկա
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո կառավարության որոշ անդամներ նույնպես լքեցին իրենց պաշտոնները: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «դժբախտաբար» եւս հրաժեշտ տվեց նախարարի իր պաշտոնին` քրեական հարուստ ժառանգություն թողնելով նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին: Ո՞վ պետք է պատասխան տա այդ հանցագործությունների` ընդերքն անխնա դատարկելու, անտառները ոչնչացնելու համար, դեռեւս անհայտ է: Արդյո՞ք Արամ Հարությունյանին Կոտայքի մարզպետ նշանակելով իշխանական վերնախավը փորձեց փրկել նրան հնարավոր հետեւանքներից:
Ինչեւէ, երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչ է նա մտածում խնդրահարույց քրեական գործերով հարուստ իրեն ժառանգություն հասած ոլորտի մասին: Ի պատասխան, նորանշանակ նախարարը նշեց.
-Օրենքի սահմաններում ամեն ինչ կանենք, որ բոլոր գործերը բացահայտվեն: Իհարկե հիմա չեմ կարող խորանալ դրա մեջ, քանի որ հիմա քննչական մարմիններն ու դատախազությունն է զբաղվում, բայց որպես առաջին դեմք, ամեն ինչ կանենք, որ գործը բացահայտվի:
-Կաջակցե՞ք, որ Ձեր աշխատակիցները ցուցմունք տան եւ ճիշտը ներկայացնեն քննչական մարմիններին:
-Իհարկե մեր նպատակը ճշմարտությունը բացահայտելն է եւ ամեն ինչ կանենք, որ ովքեր որ սխալներ են թույլ տվել պատասխանատվության ենթարկվեն:
-Դուք նշեցիք, որ որպես առաջին դեմք ամեն ինչ կանեք, որ գործը բացահայտվի: Արդյո՞ք կաջակցեք նաեւ, որ Ձեր աշխատակիցները ցուցմունք տան ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ: Ի վերջո ոլորտում կատարվածն իր բացթողումների հետեւանքով է եղել:
-Ես չգիտեմ, թե ովքեր են բացթողումներ թույլ տվել, բայց կրկնում եմ՝ ովքեր բացթողումներ են կատարել, բնականաբար պետք է պատժվեն:
Հ. Գ. Հուսանք, որ նորանշանակ նախարարը հետեւողական կլինի իր հայտարարությունններին, եւ իր իսկ բնորոշմամբ, որպես ոլորտի առաջին դեմք, հետամուտ կլինի, որ մեղավորներն իրոք պատասխանատվության ենթարկվեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս