ԼՍՈՒՄՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԿՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին ՀՀ-ում մշտական բնակության մասին տրված տեղեկանքի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումներից հետո մի խումբ լրագրողներ բաց նամակով դիմել են ԱԺ ղեկավարությանը` ԱԺ նախագահին, խմբակցությունների ղեկավարներին, Աժ հանձնաժողովների նախագահներին, մի շարք պատգամավորների, այդ թվում եւ` նախկինում լրագրող- պատգամավորներ` Մ. Եսայանին, Ն. Փաշինյանին, Ռ. Հակոբյանին եւ Հ. Բաբուխանյանին` խնդրելով խորհրդարանական լսումներ հրավիրել Է. Մարուքյանին տրված տեղեկանքի հետ կապված մամուլում ներկայացված փաստերի շուրջ:

Տարբեր լրատվամիջոցներրի ներկայացուցիչներ, որպես լսումների հիմք, ներկայացրել են անցած երկու տարիների ընթացքում մի շարք ԶԼՄ-ների («Առավոտ», «Իրատես դե ֆակտո», «Չորրորդ Ինքնիշխանություն», «Ժողովուրդ») հրապարակումները, որոնցում նշված են փաստեր այն մասին, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԱԺ գործող պատգամավոր Է. Մարուքյանին տրվել է կեղծ տեղեկանք, թե իբր նա վերջին 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում, մինչդեռ 2009թ. հունիսի 13-ից մինչեւ 2010թ. հունիսի 30-ը՝ 1 տարի 17 օր Մարուքյանը մշտապես գտնվել է ԱՄՆ-ում՝ սովորելով Մինեսոտայի համալսարանում: Լրագրողների բաց նամակում, մասնավորապես, նշված է. «Աժ Կանոնակարգ օրենքի հոդված 18-ով ԱԺ նախագահին վերապահված ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելու իրավասության շրջանակներում, ԱԺ նախագահին կոչ ենք անում իրականացնել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի հոդված 18-ի այն դրույթը, որ «ԱԺ նախագահը հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ սահմանելով դրանց անցկացման կարգը» եւ այդ լսումներն անցկացնել լրագրողական հետաքննության նյութերի հիման վրա: Դիմում ենք նաեւ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, բոլոր պատգամավորներին նախաձեռնել համապատասխան խորհրդարանական լսումներ կամ աջակցել դրանց անցկացմանը, որովհետեւ կշեռքի նժարին է դրված յուրաքանչյուր պատգամավորի եւ ամբողջ խորհրդարանի հեղինակության հարցը: Վստահ ենք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լրագրողական հետաքննության արդյունքների հիման վրա մեր նախաձեռնությամբ անցկացվելիք խորհրդարանական լսումները կնպաստեն ոչ միայն այս պատմության իրական հանգամանքների ամբողջական բացահայտմանն ու ըստ այդմ դրա մասնակիցներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու հարցերի լուծմանը, այլեւ արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, կոչ ենք անում ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը խորհրդարանին եզրակացություն կտա 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում կատարվածի մեջ ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կենտրոնական ընտրական եւ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ունեցած դերակատարության վերաբերյալ»:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս