ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրը եւ դրան նախորդող «Թանգարանային գիշեր»-ը, երբ մինչեւ կեսգիշեր թանգարանները բաց են լինելու այցելուների առաջ, հատկապես մեզանում շատ է կարեւորվում»,-մեզ հետ զրույցում ասաց Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։ Ապա հավելեց, որ օրվա խորագիրը՝ «Թանգարանները միավորում են մեզ», այսինքն՝ մարդկանց, հանրությանը, շատ խոսուն է։ Ըստ մեր զրուցակցի՝ մարդկանց կարելի է միավորել այնպիսի մի գաղափարի շուրջ, որը քննարկման, վիճարկման ենթակա չէ, ընդունվում է բոլորի կողմից։ Իսկ որպես նման գաղափար առաջին հերթին կարող է ընկալվել մեր մշակութային ժառանգությունը։

-Համաձայնեք, որ որեւէ մեկի մտքով չի անցնի վիճարկել Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Փափազյանի, Պետրոս Ադամյանի, Թումանյանի, Իսահակյանի, մեր այլ երեւելիների ժառանգությունը։ Ու քանի որ այդ ամենը պահպանվում է հիմնականում թանգարաններում եւ արգելոցներում, տրամաբանական է, որ թանգարանները միավորում են մարդկանց, ժողովուրդներին։ Ճիշտ է, այս նախաձեռնությունը եկավ Եվրոպայից, բայց նկատի առնենք, որ եվրոպական տասնյակ երկրներ իրենց մշակութային ժառանգությանը համարժեք ունեն նույնպիսի ժառանգություն հասարակական կյանքի այլ ոլորտներում՝ տնտեսական, քաղաքական, ռազմական եւ այլն։ Իսկ այդ ֆոնին հայերս մեր մշակութային ժառանգությանը համազոր, նույնքան ներկայանալի այլ ժառանգություն չունենք։ Նկատի ունեմ, օրինակ, խեղճ քաղաքական, տկար տնտեսական, տխուր ռազմական, զավեշտալի ու երգիծական կուսակցական ժառանգությունները։ Եվ սա հնարավորություն է տալիս մեր այդ պարծանքը՝ դարերի ընթացքում ստեղծված մշակութային գանձարանը, հնարավորինս ներկայացնել մեր արվեստասերներին, մատաղ սերնդին։
-Այդ օրը Ձեր թանգարանում ի՞նչ միջոցառումներ են նախատեսված։
-Հիմնական խայծը, այսպես ասեմ, թանգարանների մշտական ցուցադրություններն են, որոնք ե՛ւ ամսի 17-ին, ե՛ւ ամսի 18-ին անվճար բաց են բոլոր արվեստասերների առաջ։ Բացի դրանից, ամեն թանգարան նախապատրաստել է յուրօրինակ միջոցառումների մի համալիր։ Մինչ մեր թանգարանի միջոցառումների մեկնարկելը՝ ժամը 4-ին հանդես եմ գալու Զորավար Անդրանիկին նվիրված զեկույցով՝ նրա անունը կրող թանգարանում։ Մենք շատ ենք կարեւորում այս միջոցառումը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, եւ ես չէի ուզենա, որ այդ 100-ամյա նախճիրի, զարհուրանքի, սարսափի ու սոսկումի մեջ հանկարծ մազաչափ անգամ նսեմանար մեր բոլոր ժամանակների մեծագույն հերոսի 150-ամյակը, որը լրանում է մյուս տարի։ Մենք պետք է ներկայացնենք նաեւ մեր հերոսական պայքարի, ընդվզումի էջերը։ Ժամը 6-ից արդեն մեր թանգարանում կմեկնարկի, այսպես կոչված, երգուսույցը կամ կարաոկեն։ Մեր հարուստ ձայնադարանից տասնյակից ավելի երգեր ենք ձայնագրել Կոմիտասից, Առնո Բաբաջանյանից եւ Արմեն Տիգրանյանից եւ մեր դահլիճում էկրանի վրա սահող տողերով կներկայացվեն երգերի տեքստերը, կհնչի երաժշտությունը։ Պայմանավորվածություն ունենք մի քանի կրթօջախի հետ, եւ դպրոցականները կյուրացնեն այդ ստեղծագործությունները։ Պատրաստել ենք նաեւ այդ կոմպոզիտորների կյանքն ու գործունեությունը ներկայացնող բուկլետներ, որոնք կբաժանվեն աշակերտներին։ Կկազմակերպվի մրցույթ-խաղ, որը նույնպես ուսուցողական մեծ նշանակություն կունենա։ Իսկ «Արտ բրիջ» գրախանութը թանգարանում կվաճառի վերջին տարիների հրատարակությունները՝ այդ օրվա հետ կապված նկատելի զեղչերով։ Կկազմակերպվի Արշակ Չոպանյանի ստացած ֆրանսագիր նամակների ցուցադրությունը… Թանգարանի չորս մասնաճյուղերում՝ Դսեղի՝ Թումանյանի, Գորիսի՝ Ակսել Բակունցի, Աշտարակի՝ Պերճ Պռոշյանի եւ Երեւանի՝ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանները նույնպես 3-4 հետաքրքիր միջոցառումներով հանդես կգան։
-Ի՞նչ է տալիս այդ օրը թանգարաններին։
-Սա բացառիկ առիթ է հատկապես այն թանգարանների համար, որոնք այցելուների խնդիր ունեն։ Մարդիկ այցելում են թանգարանից թանգարան, եւ շատերն իրենց համար բացահայտում են նոր թանգարաններ, նոր հավաքածուներ, որոնց մասին մինչ այդ չեն իմացել։ Ու հետո էլի են այցելում արդեն ընկերների, մտերիմների հետ։

Զրուցեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ




Լրահոս