«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը, որը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, պատրաստվում է նորից բողոքի ակցիա կազմակերպել: Այդ մասին armlur.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունն իր առաջին բողոքի ակցիան կազմակերպել էր մայիսի 25-ին:
Վարդան Հակոբյանի խոսքով` առաջիկայում կլինի ժողով, որի ժամանակ նախաձեռնության անդամները հստակ կորոշեն` երբ է լինելու բողոքի ակցիան:
«Մեր կազմակերպած առաջին ակցիան ցույց տվեց, որ վարորդները բազմաթիվ խնդիրների առջև են կանգնում: Ճանապարհային երթևեկությունը վերահսկող տեսախցիկներից ու արագաչափերից ֆինանսապես շատ են տուժում վարորդները»,- ասաց Հակոբյանը:
Վերջինս նաև կոչ արեց կառավարությանը դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում մինչև նոր կանոնակարգի հաստատումը:
Սոնա Դավթյան