Հալեպից ստացված հաղորդագրության համաձայն, հայաբնակ Նոր Գյուղի շրջանն այլեւս աղետի գոտի է: Հալեպահայությունը հանդես է եկել համայն հայությանն ուղղված կոչով: Նրանք դիմում են համայն հայությանը՝ բոլոր հնարավոր միջոցներով նպաստել հայկական թաղամասի անմարդկային հրթիռակոծության կասեցմանն՝ աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման համար։
Հաղորդագրությունը գրավոր է, արդեն տարածվել է համացանցում, ուղարկվել հայկական աշխարհասփյուռ բոլոր կառույցներին, արդեն թարգմանված հրապարկվում է տարբեր լեզուներով։
Հալեպում այս դժվարին տարիներին աշխատած մեր թղթակցային թիմի՝ Զարմիկ եւ Պերճ Պողիկյանների երրորդ գործընկեր Մարիա Գաբրիելյանին խնդրել էինք ամբողջությամբ ներկայացնել հայտարարության տեքստը։
“ՙՀունիս ամսվա առաջին իսկ օրերից, ահաբեկիչ խմբավորումների կողմից, որոնց մեծ մասը թուրք կամ թրքամետ արմատական ահաբեկչական խմբեր են, խախաղ բնակչության վրա արձակվում են տարբեր տեսակի կործանարար հրթիռներ եւ հրասանդներ: Հատկապես հայերով բնակեցված Նոր Գյուղի շրջանի մէջ ընկած հրթիռները մարդկային վնասների կողքին նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Հարյուրավոր հայ ընտանիքներ ստիպողաբար լքել են իրենց տները, ոմանք քաղաքից հեռացել են եւ փորձել ապաստան գտնել Լաթաքիա քաղաքում, ոմանք տեղափոխվել են Հալէպի այլ շրջաններում բնակվող իրենց հարազատների բնակարանները, ոմանք այլ բնակարան տեղափոխվելու հնարավորություն չունենալով ապաստան են գտել Նոր Գյուղի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Հսկայական վնասներ են կրել Նոր Գյուղի հայկական կառույցները՝ Ազգային Կարէն Եփփէ Ճեմարանը, Ազգային Զավարյան Վարժարանը, Ազգային Սահակյան Վարժարանը, Ազգային Հայկազյան մանկապարտեզը, Ազգային Սահակյան Մանկապարտեզը, Ազգային Զավարյան Մանկապարտեզը, Կաթողիկէ համայնքին պատկանող մէկ դպրոց՝ Զվարթնոց Վարժարանը, Հայ Առաքելական Ս.Գրիգոր Լուսավորիչ եւ Հայ Կաթողիկէ Ս.Երրորդություն եկեղեցիները: “Արեւելք” տպարանը, Սիրիահայ Օգնութեան Խաչի ընկերաբժշկական կենտրոնը, Ազգային պատսպարանը, Երիտասարդական Գրախանութը, ազգապատկան Կիլիկիա, Օշական, Նայիրի, Արցախ եւ Սիս բնակարանային շենքերը եւ խանութները: Զգալի վնասներ են կրել նաեւ Հայերի վաճառատներն ու արհեստանոցները: Մեծաթիվ բնակարաններ ամբողջությամբ դատարկվել են, իսկ հարյուրավորները ՝ բնակության համար պիտանի չեն:
Անցնող երեք օրվա ընթացքում պայթյունների հետեւանքով զոհեր եւ տասնյակի հասնող վիրավորներ կան, որոնց մեծ մասը դեռեւս հիվանդանոցներում է: Երբեմնի հայահոծ Նոր Գյուղը այսօր աղէտալի շրջան է` ամայացած ու ավերակ: Ինչ որ տեղի կունենա Հալէպի մէջ շրջանցում է բոլոր պատկերացումներն ու ենթադրությունները. վիճակը այլեւ տանելի չէ: Այս բոլորի մեջ վատագույնն այն է, որ հալէպահայությունը միայնակ է կանգնած այս վտանգների առաջ: Հալէպահայության կրած փորձանքները արձագանք անգամ չեն ունեցել: Անհասկնալի եւ անընդունելի ձեւով լուռ են թե՛ պաշտոնական, թէ՛ հասարակական կողմերը: Նոր Գյուղն ու հալէպահայությունը կործանման վտանգի դիմաց է: Այս լրատվությունն ընդունեցեք ինչպէս կցանկանաք՝ որպէս կոչ, ազդագիր, լրատվագիր, թէ այլ:
Հալէպի Լրատվական Գրասենեակ
Տեսանյութը՝ yerkir.am-ի