ԿՐԿԻ՛Ն ՓՈՐՁԻՐ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն օրերս վերադարձել է արձակուրդից եւ անցել աշխատանքի: Թեեւ խոսվում էր, որ նրան պետք է փոխարիներ ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը, բայց կարծես էլի չստացվեց:
ՉԻ ՀԱՐՎԱԾԵԼ
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող, թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը հայտարարել է, որ ինքը մեքենայով քաղաքացուն չի հարվածել, անգամ թեթեւակի չի հպվել. «Ես վստահ եմ, որ նրանք, ովքեր սարքել են այս գործը, ունեն նկարահանած կադրեր, ու եթե հպումը լիներ, իրենք էդ կադրերը ցույց կտային «Հայլուր»-ով»: Լրագրողը նաեւ հայտնել է, որ տվյալ օրն իրենց շենքի բակում մի մեքենա է հայտնվել, որը սկսել է հետեւել նրա կնոջը, նաեւ հարեւաններից հետաքրքրվել իր երեխաների մասին։
ԷԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ` ժամը 15:19-ին, Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արեւմուտք տեղի է ունեցել 2,7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Այս մասին armlur.am-ին տեղեկացրել են ՀՀ ԱԻՆ-ից:
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ
Տիգրան Կարապետյանը մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի Արարատում: Այս մասին հայտարարել է ինքը` Կարապետիչը` իր այս քայլը բացատրելով ժողովրդին այլընտրանք տալու ցանկությամբ. «Ժողովուրդը պետք է այլընտրանք ունենա, ոչ թե իր քվեն տա այն մարդուն եւ կուսակցությանը, որը ոչ մի հաջողություն չի արձանագրել»:
ՈՎ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ…
Նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը Aravot.am-ին ասել է, թե ՀԱԿ-ում, բացի օրենքից, գործում է մեկ այլ կանոն. «ՀԱԿ-ում ծեծում են, ով իրենց հետ համաձայն չի լինում»: Սիրունյանն ասել է. «Եթե մարդն ընդհանրապես որոշել էր, որ կանգներ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, ոչ թե փետրվարի 21-ին կամ 22-ին պետք է լիներ Ազատության հրապարակում, այլ դրանից առաջ, մասնակից լիներ ընտրություններին, քարոզարշավին: Ուղղակի շատ մարդիկ տեսան, որ իշխանության նավը խորտակվում է, եւ որոշեցին նավից թռչել»: Հարցին` արդյոք խանդ կա ՀԱԿ-ի տարբեր անդամների միջեւ, Սիրունյանը պատասխանել է. «Իհարկե խանդ չկա, ես կարող եմ միայն կնոջը խանդել, ոչ թե Ջհանգիրյանին»: Նա խոստացել է բացահայտումներ անել նախագահական ընտրություններից հետո:
ԻՐԵՆՑ ԿԱՐԾԻՔԸ
Ռուսաստանում նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի թեկնածությունը պաշտպանելու՝ տեղի հայ համայնքին ուղղված Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կոչը, ըստ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, ՀԱԿ անդամ մյուս կուսակցությունների կարծիքը չէ, եւ կարող էր անսպասելի լինել Կոնգրեսի համար:
ԱՆԿԱԽ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը մտադիր է առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնականով իր թեկնածությունն առաջադրել Աջափնյակ համայնքում (թիվ 6 ընտրատարածք): Նույն ընտրատարածքում առաջադրվելու են նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը` Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը, ում սատարելու է ՀՀԿ-ն, եւ Վահանիկ մականունով ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը: Հաղթանակի իր շանսերի մասին Մարտիրոսյանը Slaq.am-ին ասել է. «Ես քաղաքական գործիչ եմ, եւ իմ գործունեությունն ու պայքարը բացառապես քաղաքական դաշտում է, որտեղ պատրաստ եմ պայքարել` անկախ նրանից, թե ով ինչպիսի ռեսուրսներ, ինչպիսի համաձայնություններ կունենա»: