ԱՐՑԱԽՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄՏՔԻ ՀԵ՞Տ
ԼՂՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված հայտարարեց, որ այսօր Արցախի ժողովրդին փորձ է արվում դաստիարակել այնպես, որ լինի հնարավորինս անտարբեր. «Որ հասարակությունն այն աստիճան անտարբեր լինի, որ նորից ցանկանա, որպեսզի ռուսական զորքը մտնի այստեղ ու մեզ տրորի»:
-Պարոն Բադասյան, Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարեց, որ որեւէ մեկը չի ասել, թե Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու է Արցախի հետ: Ինչպե՞ս են Արցախում վերաբերվում այդ հայտարարությանը:
-Նախ՝ ի սկզբանե դեմ եմ եղել, որ Հայաստանը ՄՄ անդամ դառնա, որովհետեւ դա ՌԴ-ի մահացու փորձն է: Իսկ այդ տնտեսական աճը, որ հայտարարվում է, թե լինելու է ՄՄ-ին անդամակցելու դեպքում, նայած թե ով ինչպես է հասկանում: Օրինակ՝ ՀՀ բոլոր իշխանություններն էլ` առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներն էլ իրենց ժամանակվա տնտեսության անկումը նույնպես աճ են համարում: Մաթեմատիկորեն դա աճ է, բայց մինուս աճ է: Իսկ եթե աճն ընդունում ենք վերելքը, ապա դա խեղաթյուրված կարծիք է: Ինչքան էլ ժամանակին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ապացուցում էր, որ ՄՄ մտնելը սխալ է, որովհետեւ տնտեսության անկում կլինի, Սերժ Սարգսյանը ճիշտ համարեց ՄՄ մտնելը: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները տնտեսության աճին պրոֆեսիոնալ ձեւով չեն մոտենում: Այն, որ մեր ժողովուրդը` հատկապես Արցախի հատվածի ժողովուրդը, էն գլխից էլ գիտեին… օրինակ՝ ես շատ լավ գիտեի, որ դա շատ մեծ վտանգ է ու ՄՄ-ն դավադրություն է մեր ժողովրդի նկատմամբ: Իհարկե ամեն ինչն առաջին հերթին վերաբերում է Արցախի հարցին, դա խորը եւ լուրջ դավադրություն է: Իսկ տնտեսական առումով դա դավադրություն է ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, ամբողջ Հայաստանի տնտեսության նկատմամբ:
-Ամեն դեպքում` արդեն իսկ տեսանելի է դառնում, որ ՄՄ-ին անդամակցելու դեպքում ամենավատը Արցախի վիճակն է լինելու, քանի որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, հաստատեց, որ Հայաստանը ՄՄ է մտնելու` առանց ԼՂՀ-ի:
-Նախ՝ ինչ է նշանակում` ՄՄ մտնել, բայց ժողովրդին որեւէ թափանցիկ տեղեկություն չտրամադրել դրա մասին: Կա՞ արդյոք այդ փաթեթը, որ լայն քննարկում լինի, որտեղ հստակ կա, որ մենք մտնելու ենք ՄՄ, թե չէ: Նախօրեին միայն իմացանք նախագահի պատասխանը` հետեւյալ արտահայտությամբ. իսկ ո՞վ է ասել, որ մենք Արցախի հետ ենք ՄՄ մտնելու: Այսինքն՝ դուրս է գալիս, որ ՀՀ իշխանությունները համաձայն են Ալիեւի հետ, իսկ եթե այստեղ Ալիեւի հետ համաձայն են, ապա կարող են մյուս հարցերում եւս համաձայնության գալ եւ Մինսկի խմբի համանախագահները, որպես միջնորդ երկրներ, պետք չեն այլեւս: Այսինքն՝ դուրս է գալիս, որ ինչ-որ սյուրպրիզներ են լինելու: Վաղն էլ կասեն, թե մենք չենք ասել, որ մաքսակետ չենք դնելու Արցախի եւ Հայաստանի միջեւ: Իսկ մյուս օրն էլ կարող են ասել, որ մենք չենք ասել, թե ռուսական մաքսայինները չեն հսկելու այդ մաքսակետը, հաջորդ օրն էլ ասելու են, թե մենք չենք ասել, որ ռուսական զորք չի մտնելու Արցախ: Այսինքն՝ սա մի իրադրություն է, որտեղ այսպիսի հարցականների շարանը մեզ բերելու է կատաստրոֆիկ վիճակի: Մենք կարող ենք վստահել Սերժ Սարգսյանին, պարտավոր ենք վստահել, բայց նկատի առնելով անցյալ տարվա պաշտոնական տվյալները, որ ՀՀ-ից հեռացել է 268 հազար մարդ` աշխատանք չունենալու պատճառով, մենք իրավունք չունենք որեւէ մեկին վստահել: Ու եթե ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ օրենսդրորեն Արցախը ՀՀ-ի կազմի մեջ չէ եւ մեր պատկերացումներով ԼՂՀ-ն դուրս է ՀՀ-ից, ուրեմն մինչեւ հիմա Հայաստանի` որպես գարանտ, որպես անվտանգության երաշխավոր հանդես գալը Մինսկի խմբում կամ այլ տեղերում փուչիկ էր, սուտ էր: Եթե կեղծ էր սա, ուրեմն թող Հայաստանն ինքն ընդհանրապես հրաժարվի Արցախի հարցի բանակցային կողմ լինելուց եւ վերականգնվի այն վիճակը, որը կար մինչեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում օրոք Արցախը դադարեց բանակցային կողմ լինելուց:
-Ըստ Ձեզ, ինչո՞ւ ԼՂՀ իշխանությունները որեւէ կերպ չեն արձագանքում այս ամենին: Նկատելի է, որ ԼՂՀ շուրջ զարգացող այս վտանգավոր միտումների հետ կապված Ղարաբաղի իշխանությունները որեւէ ձեւով հակազդեցություն չեն ցուցաբերում:
-Դա պետք է պատասխանեն իրենք, ես որեւէ բան չեմ կարող ասել: Երեւի համակերպվում են, կամ, չգիտեմ, գուցե իրենց էլ է ձեռնտու այս քայլը: Ես չգիտեմ, ես ենթադրում եմ այդ ամենը: Ցավն այն է, որ ԼՂՀ բոլոր իշխանությունները` սկսած 1994 թվականից մինչեւ հիմա, կարծես թե հասարակություն են դաստիարակում: Դաստիարակում են այնպես, որ հասարակությունն իր առօրյայով լինի այնքան տարված, որ անգամ ընդհանուր հարցի մասին չմտածի եւ այն աստիճան անտարբեր լինի, որ նորից ցանկանա, որպեսզի ռուսական զորքը մտնի այստեղ ու մեզ տրորի: Հիմա կարծես թե ամեն ինչ արվում է դրա համար: Մեր բնակչության մեջ աշխատանք է տարվում հասարակական կազմակերպությունների, այսպես կոչված, կուսակցությունների կողմից, բոլորը համակերպվել են այն մտքի հետ, որ այս տարածքը պետք է հանձնվի: Ով է այսօր տեր կանգնում, բացի մի քանի հոգուց: Ու վաղը երեւի ամբողջ մեղքը գցվի մեզ վրա, որ մենք լավ չենք աշխատել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ