Պատգամավորները պահանջում են Էդվարդ Նալբանդյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի հերթական քառօրյան մեկնարկել է: Նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում գրանցված լարվածության վերաբերյալ.

«Հայ ադրբեջանական սահմանին անհանգիստ է, տեսակետներ կան, որ այդ լարման նոր էտապը կապ ունի Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Գիտեք՝ որ Ղազախստանի հետ ՀԱՊԿ անդամներ ենք և ունենք փոխադարձ պայմանագրի կետեր, սակայն այդ երկրի ղեկավարն այնպիսի հայտարարություններ է անում, որ լիցք են տալիս Ադրբեջանի ղեկավարներին: Ուզում եմ առաջարկել, որ օրակարգի ձևավորումը սկսենք ՀԱՊԿ-ի մասին քննարկումով, հրավիրել նաև ԱԳ նախարարին, որ ճշտումներ անենք ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր պարտավորությունների և Ղազախստանի նախագահի արած հայտարարության մասին»,- առաջարկեց Փաշինյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց, որ հարցը վերլուծման արժանի է: Նա նշեց, որ համապատասխան հանձնաժողովն` ի դեմս ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, հարցադրում է արել ԱԳ նախարարությանը, ուստի կկազմակերպվի քննարկում և կփորձեն բարձրաձայնած խնդիրը քննարկել:

Այս հարցի շուրջ ելույթ ունեցավ նաև  Նաիրա Զոհրաբյանը, ով իր հերթին նշեց, որ թեպետ գրավոր կերպով հարցադրում է ուղարկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, սակայն մինչ օրս, չնայած սահմանված ժամկետներն անցել են, ԱԳ նախարարը հարկ չի համարել պատասխանել իր կողմից ներկայացված պաշտոնական դիմումին.

«ԲՀԿ-ն միանում է մեր բոլոր գործընկերներին, ովքեր գտնում են, որ հրատապ պետք է քննարկվի՝ ինչ հայտարարություններ գրանցվեցին Աստանայում, ինչ կարելի է սպասել դրանից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի նամակը, հայտարարել էր, թե Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:




Լրահոս