Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենում ՍԴ նոր անդամի ընտրությունը: Թեկնածուն` ՀՀ նախագահի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանն է: Խորհրդարանում պատգամավորները կարծիք էին արտահայտում նրա թեկնածության շուրջ:
«Ձեզ առաջին անգամ եմ տեսնում, բայց այս 10 րոպեում համոզեցիք, որ դեմ քվեարկեմ: Դուք գնում եք, որ ավելացնեք այն մարդկանց թիվը, որոնք իշխանության դուդուկի տակ են պարում»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ՀՀ-ում դե յուրե կա արդարադատություն, իսկ դե ֆակտո՝ չկա. «Տպավորությունն այնպիսին է, որ համալրելու եք ՍԴ անդամների միաձույլ կազմը, որոնք վախենում են ունենալ սեփական կարծիք: Բոլոր հարցերի վերաբերյալ Դուք տալիս էիք նույն պատասխանը՝ «ես քաղաքականությանը չեմ խառնվում»: ՍԴ անհասկանալի ռեբուսին՝ պարտադիրը կա, թե ոչ, Դուք չտվեցիք հստակ պատսխան: Ձեր դիրքորոշումը կրկնում է ՍԴ անդամներին՝ լինել հնարավորինս զգույշ, չունենալ սեփական տեսակետ և անգամ վախենալ մտքում ունենալ սեփական տեսակետ: Նույնիսկ ամենաանշառ հարցին չտվեցիք միանշանակ պատասխան», – նշեց Զոհրաբյանը` հավելելով, թե իրենք չեն մասնակցի ՍԴ անդամի ընտրությանը: