ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄՈՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՌԴ-ից գազը ձեռք է բերել 1000 խմ-ն՝ 220 դոլար արժեքով, մինչդեռ պայմանագրով նախատեսված գազի սակագինը 189 դոլար է: Այս փաստը «Ժողովուրդ»-ը բացահայտել էր՝ ուսումնասիրելով ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության վիճակագրական տվյալները, համաձայն որոնց՝ առաջին եռամսյակում ՀՀ-ն ՌԴ-ից ներկրել է 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողությամբ: Երեկ, սակայն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերքել է ՀՀ ֆինանսների նախարարության այս տվյալները` հայտարարելով, որ ՌԴ-ից ՀՀ ներկրվող բնական գազի համար իրենց ընկերությունը վճարում է պայմանագրում ֆիքսված գինը՝ 189 դոլար, նշելով նաեւ, որ 2014թ. առաջին եռամսյակում ՀՀ ներկրվել է 719 հազար 138 խմ գազ՝ 136 մլն 485 հազար 201 դոլար արժողությամբ: Փաստորեն ստացվում է, որ ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը այլ թիվ է հրապարակում, մաքսային ծառայությունը՝ բոլորովին այլ, եւ այս հակասության մասին «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանում է, թե իրենք եռամսյակային տվյալները հավաքագրում են այլ մեթոդոլոգիայով, ըստ որի՝ 2014թ. առաջին եռամսյակի մաքսային վճակագրության տվյալներով՝ ներառված են 2013թ. դեկտեմբերին եւ 2014թ. հունվարին ու փետրվարին փաստացի ներկրված գազի ցուցանիշները, հետեւաբար եռամսյակային կտրվածքով միջինացված ցուցանիշը կազմել է 220.8 ԱՄՆ դոլար: Արդյունքում ստացվում է, որ Ֆինանսների նախարարությունն անուղղակի հաստատում է, որ փաստացի գազի գինը սահմանին կազմում է 1000 խմ-ն՝ 220 դոլար:

 

Հայաստանում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագների նոր բարձրացում. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեղեկացմամբ՝ նախատեսված է էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնել 3.8-4.3 դրամով: Ասել է թե՝ ներկայիս 38 դրամի փոխարեն 1կվտ/ժամ-ի դիմաց ՀՀ քաղաքացիները վճարելու են մինչեւ 43 դրամ: «էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության եւ սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար»,- նշված է ՀԾԿՀ հաղորդագրության մեջ: Սա, թերեւս, ուշագրավ է այն առումով, որ վերջին շրջանում շատ է խոսվում ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» կազմակերպությանը պատկանող ՀԷՑ-երի ֆինանսական վատ վիճակի մասին, ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԷՑ-երը տանում են դեպի սնանկացման, որին, ամենայն հավանականությամբ, կհաջորդի էժան գնով վաճառք առավել ցանկալի որեւէ մեկին:

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր, թերեւս, այն եզակի պետական մարմիններից է, որի պաշտոնական հայտարարությունները, որքան էլ զարմանալի է, բայց ուղիղ կապ ունեն մեր իրականության հետ: Նրանց հրապարակած տվյալների համաձայն՝ 2014թ. պետական բյուջեի հավաքագրումները տխուր պատկեր են արձանագրում: Այսպես. այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին նվազել է հիմնական հարկերի հավաքագրումը: Սա ի ցույց է դնում մեր տնտեսության ողբալի վիճակը, քանի որ նվազել են հենց այն հարկերը, որոնք տնտեսության՝ մասնավորապես արդյունաբերության հետ են կապված: Նախորդ տարվա առաջին չորս ամիսների համեմատ, այս տարի ակցիզային հարկի հավաքագրումը նվազել է 10.8 տոկոսով, շահութահարկը՝ 6.8 տոկոսով, մաքսատուրքը՝ 6.7 տոկոսով: Փոխարենն ավելացել են տեսախցիկների, արագաչափերի տուգանքների արդյունքում հավաքագրված հարկերը՝ 46 տոկոսով, եկամտային հարկը՝ 42.9 տոկոսով: Ասել է թե՝ տեսախցիկներով են իշխանությունները բյուջեի մուտքեր ապահովել:

 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի հետ կապված վիճահարույց հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է համալիրի սեփականատեր Հարություն Մուրադյանի հետ. «Ես՝ որպես համալիրի սեփականատեր, հայտարարել եմ, որ անօրինականություններ են կատարվում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից: Ինչ-որ մեկը քնում, արթնանում է եւ իր հեռահար նպատակներն օգտագործելով համալիրը աճուրդի է հանո՞ւմ: Ամենազարմանալին այն է, որ Վճռաբեկ դատարանից մեր փաստաբանին ստիպել են ստորագրի, որ գործը քննեն գաղտնի ռեժիմով»: Թե ինչու, դժվար չէ ենթադրել: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իր եղբայրը` Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը չի մասնակցել Սերժ Սարգսյանի հետ դեսպանների արտակարգ հանդիպմանը, Հ. Մուրադյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ Մուրադն ինքը համարձակություն կունենա եւ հրապարակային կասի, թե ինչու չի մասնակցել»:




Լրահոս