«Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը նախ նշեց, որ համաձայն է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի տված գնահատականներին: Նա հակիրճ ներկայացրեց նաև իր մտահոգությունները:
«Մենք փորձում ենք ամեն անգամ կատարելագործել, կատարել բարեփոխումներ, բայց էնպես է ստացվում, որ բարեփոխումների արդյունքում ընկնում ենք մի էյնպիսի կրակը, որ հետո էլ որոշում ենք` ինչպես անենք, որ ազատվենք էդ բարեփոխումներից», – նշեց նա:
Պատգամավորի խոսքով` իրականում արդարադատության խորհուրդն ինքը մի մահակ էր, որ կանգնած էր դատավորների գլխին և իրականում սպառնալիք էր դատավորների ինքնուրույնությանը:
Վարդանյանը նշեց, թե նախագծի արդյունքում լինում է այն, որ մի համակարգի ներսում ստեղծում են մեկ այլ կառույց, որտեղ ընդգրկված են տվյալ կառույցի ներկա կամ նախկին անդամները, ովքեր պիտի գնահատեն տվյալ կառույցի աշխատողին:
«Մտավախություն ունեմ, որ շատ արագ` նախագիծը օրենքի տեսք ստանալուց հետո, հասկանալու ենք, որ ինչ-ինչ հանձնարարականներ կյանքի կոչելով` մեզ գցում ենք ինչ-որ լրացուցիչ կրակը և հետո արդեն սկսում ենք ելքեր փնտրել»,- ասաց նա` նշելով, որ նախագիծն այս տեսքով ընդունելի չէ: