Ա. Աշոտյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է արտասահմանցի ուսանողների խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Ա. Աշոտյանն անդրադարձել է կրթության բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռանկարին նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կարևոր հարթակներից մեկն է:

Ափսոսանք հայտնելով, որ ներկայումս և՛ հայկական, և՛ իրանական կողմից կրթական համատեղ ծրագրերի իրագործման ռեսուրսն ամբողջությամբ չի օգտագործվում, Ա. Աշոտյանը ներկայացրել է մի քանի գործնական առաջարկ, որոնք վերաբերել են բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ կրթաթոշակային ծրագրերին և կրթական փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում սովորող իրանցի ուսանողների և ասպիրանտների խնդիրներին, որոնք առնչվել են կրթության կազմակերպմանը, մասնավորապես լեզվի հետ կապված խնդիրներին:

Նախարարը դեսպանին ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման համակարգում ընթացող փոփոխությունները՝ նշելով, որ Հայաստանի պետական քաղաքականությունն այս ասպարեզում միտված է գիտական բաղադրիչի բարդացմանը, սակայն զուգահեռաբար համեմատաբար դյուրին կդառնա «փաստաթղթաբանությունը»: Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ Հայաստանում սովորող արտասահմանցի ուսանողների համար, բացի հայերենից, կարող է կազմակերպվել նաև օտար լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն:

Հետագայում տվյալ սովորողի դիպլոմային աշխատանքը կամ ատենախոսության թեզը պետք է պաշտպանության ներկայացվի այն լեզվով, որով կազմակերպվել է կրթությունը, իսկ պաշտպանության ժամանակ անպայման ապահովվում է հայերեն թարգմանություն՝ հաշվի առնելով, որ գիտական խորհրդի անդամները պարտավոր չեն տիրապետել օտար լեզուների: Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել առանձին հանդիպում ունենալ Հայաստանում սովորող իրանցի ուսանողների հետ՝ նրանց հուզող խնդիրներին անձամբ ծանոթանալու և դրանց լուծում տալու նպատակով: ՀՀ-ում Իրանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրանական կրթական ծրագրերի իրականացմանը:

Կողմերը քննարկել են նաև աշնանը նախատեսվող կրթական և մանկավարժական խնդիրներին նվիրված տարածաշրջանային գիտաժողովի կազմակերպչական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

ԿԳՆ մամուլի հաղորդագրություն




Լրահոս