Ծառասպանին սպանելու էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 29-ին Դիլիջանի Խորհուրդների փողոցի բնակիչներից մեկը լսելով սոճիներ հատող բենզասղոցի ձայնը եւ տեսնելով հատված ծառերը, զանգահարել է  ընկերոջը՝ Դիլիջանի բնակիչ, 1962թ. ծնված Արամ Խաչատրյանին:  Վերջինս եկել, տեսել է  սոճիների սպանդն ու վեճի մեջ մտել ծառերը հատողի` Երեւանի բնակիչ, 1973թ. ծնված Սոս Բաղդասարյանի հետ: Արդյունքում Խաչատրյանն  ապօրինի որսորդական հրացանով  անզգույշ կերպով կրակել է  Ս. Բաղդասարյանի ոտքին:  Վերջինս տեղափոխվել է  Դիլիջանի  բժշկական կենտրոն:  Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):  Դեպքի քննությունը կատարում է  ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքը:

«Ժողովուրդ»-ը բաժանմունքի պետ Գագիկ Իսպիրյանից հետաքրքրվեց, թե  ծառերի հատումը նկատած դիլիջանցին ինչո՞ւ չի ահազանգել ոստիկանություն, բնապահպանական  պետական տեսչություն կամ «Դիլիջան» ազգային պարկ, այլ՝ զանգահարել է ընկերոջը: Գ. Իսպիրյանն ասաց, որ քաղաքացին ճիշտ կվարվեր, եթե դիմեր հիշյալ կառույցներին: Նրա  վկայությամբ՝ Արամ Խաչատրյանը Դիլիջանում հայտնի է որպես բնության համար սրտացավ անձնավորություն: Գ. Իսպիրյանից  տեղեկացանք, որ հատվել է  12 ծառ, որից  9-ը գտնվում է  ազգային պարկի ռեկրեացիոն գոտում:  Ծառերի սպանդն իրականացրած Սոս Բաղդասարյանն ունեցել է  3 ծառի հատման թույլտվություն: Դեռեւս չեն կատարվել ապօրինի  հատված ծառերի արժեքի, բնությանը պատճառված վնասի հաշվարկները:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ Սոս Բաղդասարյանը դիմել է քաղաքապետարան  եւ Ազգային պարկի տնօրինությանը  իր տան վրա թեքված,  վտանգ ներկայացնող  3 սոճիների հատման թույլտվություն համար  եւ  այն ստացել: Սակայն իր այգում գտնվող 3 սոճիները հատելուց հետո Ս. Բաղդասարյանը մտել է  Ազգային պարկի տարածք եւ այնտեղ 9 ծառ հատել: Քաղաքապետն ասաց, որ այդ ծառերը տնկվել են խորհրդային տարիներին, որպեսզի սողանքային գոտում կանխվի հողի սահքը:

Նշենք, որ  Սոս Բաղդասարյանը նախկինում 2 անգամ  դատվել է: Իսկ Ա. Խաչատրյանի  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, սակայն դատարանը նրան գրավով բաց  է թողել: «Դիլիջան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սահակ Մկրտումյանից տեղեկացանք, որ Սոս Բաղդասարյանը  բուժկենտրոն տեղափոխվելուց մի քանի ժամ անց  տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, քանի որ   կրակոցից փշվել էր Բաղդասարյանի բազկոսկրը եւ վնասվել անոթներից մեկը:

Ոսկան Սարգսյան




Լրահոս