Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց “Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների վերաբերյալ” օրենքների նախագիծը, ըստ որի, հողատերերը կազատվեն շուրջ 43 մլրդ դրամի հարկային պարտավորություններից։Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը լրագրողների տեղեկացրեց, որ մինչև 2012թ-ի դեկտեմբերի 31-ը պարտապանների մայր գումարի վճարման դեպքում կմարվեն տույժ տուգանքները:”Տույժերը կմարվեն այնքան, ինչքան որ մուծվի մայր գումարը: Իսկ եթե մինչև այս տարվա վերջ չեն կարողանում մարել մայր գումարը, ապա պետք է 12 ամսվա կամ 18 ամսվա կտրվածքով պայմանագիր կնքնեն ՏԻՄ-ի հետ: Բայց դա պետք է անել նախապես”,- ասաց փոխնախարարը:Օրենքի նախագիծը չի տարածվում 1մլն-ից ավել հողի հարկ և 2 մլն-ից ավել գույքի հարկ ունցողների վրա: Օրենքը չի վերաբերում նաև 2011թ հարկերին:Հարցին, թե արդյոք կառավարության այս որոշումը նախընտրական քայլ չէ, Վաչե Տերտերյանը պատասխանեց. “Այս նախագիծը մոտ մեկ տարի առաջ էին ՀՀԿ պատգամավորները նախաձեռնել, որը շրջանառվում էր ԱԺ-ում: Մենք միասին հետագայում սկսեցինք աշխատել օրենքի շուրջ և ներկայացրինք կառավարությանը: Այդ պատճառով այն չի կարելի համարել նախընտրական քարոզարշավի մաս”,- ասաց նա:Վաչե Տերտերյանն ընդգծեց, որ վերջին տարիներին արձանագրվել են տեղական հարկերի հավաքագրման բավական բարձր ցուցանիշներ: Ըստ այդմ` միջին հարկահավաքության ցուցանիշը 90-95% է կազմում, ինչը համեմատության մեջ Տերտերյանը շատ լավ է համարում:Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր խոսքում ասաց, որ այս նախաձեռնությամբ կառավարությունը զգալիորեն կնվազեցնի հարկային բեռը գյուղատնտեսության ոլորտում։ “Պետությունն այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալով՝ շուրջ 43 մլրդ դրամի հարկեր է զիջում գյուղատնտեսության ոլորտում։ Կարծում եմ՝ սա իր մեջ լուրջ ներուժ է պարունակելու նաև տնտեսական աճի խթանման առումով, որովհետև գյուղատնտեսության վրա հարկային բեռն էապես նվազելու է”,– ասաց Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը գյուղացիներին զիջում է շուրջ 43 մլրդ դրամի հարկեր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ