Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի բուժաշխատողներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Արդեն բարի ավանդույթ է դարձել մեր երկրում նշել այս տոնը` որպես արժեւորումն այն դժվարին ու պատասխանատու աշխատանքի, որ իրականացնում եք դուք, աշխատանք, որը պահանջում է բարձր արհեստավարժություն ու մարդկային որակներ: Սրտացավությունը, հոգատարությունն ու կարեկցանքը ձեր առօրյայի պարտադիր մասն են կազմում եւ ոչ պակաս կարեւոր են համապատասխան մասնագիտական պատրաստվածությունից:

Ես ուզում եմ խորին երախտագիտության խոսքեր հղել Արցախի վաստակաշատ բուժաշխատողներին` ամենօրյա քրտնաջան ու հայրենանվեր ծառայության համար, հատկապես նրանց, ովքեր մեզ պարտադրված պատերազմի դաշտում անօրինակ հերոսություն ու սխրանք ցուցաբերեցին, համակարգի երիտասարդ աշխատակիցներին, ովքեր, շարունակելով իրենց նախորդների լավագույն ավանդույթները, պետք է  ամեն ինչ անեն դրանք պահպանելու ու զարգացնելու ուղղությամբ:

Առողջապահության ոլորտը մեր ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրամասերից մեկն է, այդ իսկ պատճառով առանձնահատուկ տեղ է հատկացվում նրա առջեւ ծառացած խնդիրներին ու զարգացման հեռանկարներին: Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում` ուղղված բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավմանն ու տեխնիկական վերազինմանը, ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների աճի ապահովմանը, աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը: Այդ ամենն արվում է հանուն մեկ նպատակի` հանրապետության բնակչության բուժսպասարկման եւ բուժօգնության մակարդակի շարունակական բարձրացման, մարդկանց առողջության պահպանման:

Թանկագին բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք:




Լրահոս