ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է կուսակցական մեծ ակտիվություն ցուցաբերել: ՀՀԿ նախընտրական ծրագիրը հասարակության հետ քննարկելու անվան տակ նա հանգստյան օրերին այցելում է մարզեր, հանդիպում մարդկանց հետ, ձեռքի հետ էլ ՀՀԿ անդամատոմսեր բաժանում:
ՀՀ պատմության մեջ ամենաազատ եւ ամենաարդար ընտրություններն անցկացնելու վերաբերյալ ԵԺԿ համագումարում խոստումների ֆոնին նրա այս քայլերն, ինչ խոսք, տրամաբանական են: Տ.Սարգսյանը փորձում է շարժվել արեւմուտքին ընկալելի ճանապարհով. այդպես նա ձգտում է արտաքին աշխարհի մոտ այս իշխանությունների հանդեպ դրական իմիջ ձեւավորել եւ ի վերջո, մոռացնել տալ, որ այս ռեժիմն իշխանության գլուխ եկավ մարտի 1-ի սպանդի հետեւանքով: Բայց որքան էլ վարչապետը փորձի դեմքով շրջվել գյուղացուն, նրանց համար «կովերի կուրծքը գոլ ջրով լվանալու» կամ աշնանացանն արդյունավետ կազմակերպելու մասին դասախոսություններ կարդա, միեւնույն է, նրա անունը կապվում է տնտեսության «ոլոլորտի» հետեւողական քայքայման, աննախադեպ ձախողումների, գնաճի, աղքատության խորացման ու արտագաղթի ավելացման հետ: Ընդ որում, Տ.Սարգսյանի կառավարության հետեւողական ձախողումները ՀՀ քաղաքացին զգում է անմիջապես սեփական մաշկի վրա:
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրինք՝ արդյոք Տիգրան Սարգսյանի վերջին ակտիվությունը նշանակում է, որ ՀՀԿ-ն հասարակությանը պետք է ներկայանա ի դեմս վարչապետի: «ՀՀԿ-ն նախընտրական քարոզարշավին կներկայանա ՀՀԿ-ականների դեմքով: ՀՀԿ-ն ընտրություններին կներկայանա նաեւ Տ.Սարգսյանով, բայց ոչ միայն նրանով,-ասաց նա՝ հավելելով,-ՀՀԿ-ի բոլոր գործիչների ճիշտ աշխատանքը կավելացնի մեր վարկանիշը: Ոչ միայն Տիգրան Սարգսյանը, այլեւ ՀՀԿ ղեկավար մարմինների բոլոր ներկայացուցիչներն իրենց ձեւով ու դիրքով օգուտ կտան կուսակցությանն ու առաջին հերթին հասարակությանը»:
Ի դեպ, վարչապետի՝ մարզեր կատարած այցերն անցնում են բավական աննկատ: Տեղի իշխանությունները հոգում են, որ հասարակության լայն շերտերը հնարավորինս չիմանան այդ այցերի մասին: Իսկ ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկման անվան տակ կազմակերպված այդ հավաքներին բերում են միայն վստահելի անձանց՝ քննարկումները նախատեսված սցենարով անցկացնելու համար:
Ասում են՝ այդ այցերը միայն պաշտոնական հանդիպումներով չեն սահմանափակվում, այլեւ ուրիշ կարեւոր հավաքներ են տեղի ունենում, որոնք նպատակ ունեն ճշգրտել, թե ինչ ռեսուրսներ ունի ՀՀԿ-ն: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` այս օրերին ՀՀԿ-ն ակտիվորեն փորձում է իր շուրջը համախմբել ոչ միայն վարչական եւ ֆինանսական ռեսուրսը, այլեւ թաղային հեղինակություններին ու քրեական տարրերին: Ընդ որում, ՀՀԿ-ն գործի է դրել «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը. չի ներվում անգամ այդ տարրերի՝ կոալիցիոն մյուս կուսակցություններին համակրելը: Հակառակ դեպքում ՀՀԿ-ն գործի է դնում շանտաժի եւ անուղղակի ճնշումների մեխանիզմը: Պատահական չէ, որ առաջիկայում ՀՀԿ շտաբները մարզերում ղեկավարելու են տարբեր պաշտոնյաներ ու թաղային հեղինակություններ: Օրինակ՝ Տ.Սարգսյանի՝ անցյալ շաբաթ Գեղարքունիքի մարզ կատարած այցից հետո որոշվել է՝ ՀՀԿ Գավառի շտաբը պետք է ղեկավարի «Հայջրմուղ» ընկերության տարածքային կառույցի ղեկավար Մարտին Ղուդեյանը, որին առաջիկայում խոստացվել է քաղաքապետի պաշտոնը: Այստեղ հանդիպումն անցել է բավականին տհաճ մթնոլորտում. Տ.Սարգսյանը որպես այդ տարածքից մեծամասնականով թեկնածու ներկայացրել է «Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատեր, ՀՀԿ համամասնական ընտրացուցակով ԱԺ պատգամավոր դարձած Մանվել Բադեյանին, որն առաջադրվելու է Տիգրան Արզաքանցյանի փոխարեն: Սակայն, ինչպես պատմում են մեր աղբյուրները, այդ փաստը միանշանակ չի ընդունվել տեղի ՀՀԿ-ականների կողմից: Վերջիններս շվարել են. Բադեյանին այնտեղ որեւէ մեկը չի ճանաչում, ուստի եւ դժվար է լինելու նրան պատգամավոր դարձնելը: Ու թեեւ քննարկվել են տարբեր մեխանիզմներ, այնուամենայնիվ, ՀՀԿ-ում այս ընտրատարածքում չեն հավատում նրա հաղթանակին: Արագածոտնում եւս Տ.Սարգսյանը չի կարողացել վերջնական հայտարարի բերել ՀՀԿ-ականներին: Նախնական տեղեկություններով` ՀՀԿ շտաբը համակարգելու է մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրին, որի անունը, շնորհիվ սկանդալային արկածների, պարբերաբար հայտնվում է մամուլի էջերում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` այստեղ նման նկրտումներ ունի նաեւ Թալինի նախկին ԲՀԿ-ական, այժմ ՀՀԿ-ական քաղաքապետ Մնացական Մնացականյանը: Ընդ որում, Մնացականյանն աչք ունի նաեւ ԱԺ պատգամավորի մանդատի վրա. նա հիմա ակտիվ բանակցություններ է վարում՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու «դաբրո» ստանալու համար, քանի որ այստեղից պատգամավոր է ցանկանում դառնալ նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Ու հիմա նրանց միջեւ լուրջ մրցակցություն է: Արդյունքներն էլ վերջնականապես պարզ չեն: Փոխարենը պարզ է մեկ այլ փաստ. որքան էլ ՀՀԿ-ն հայտարարի նոր դեմքերով խորհրդարան մտնելու մասին, միեւնույն է, դա նրանց չի հաջողվում: Առաջադրվողները կրկին լինելու են նույն մարդիկ. նրանցից ոմանք կլինեն միայն մեծամասնականով, մի մասը՝ միայն համամասնականով: Բայց դա արդեն կարեւոր չէ. գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում:
ԿՈՍՄՈՊՈԼԻՏ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ՝ ԿՐԻՄԻՆԱԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ