Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչեւ մեկ շաբաթ տեւողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար Հայաստանում (սեմինարները տեղի կունենան տարբեր ամիսների), եւ մեկ սեմինար Ստրասբուրգում (Ֆրանսիա): Յուրաքանչյուր հաջորդ սեմինարին կհրավիրվեն միայն ուսումնական գործընթացին պարտաճանաչորեն մասնակցողները: Ստրասբուրգյան սեմինարի ավարտին ՔԴԵԴ-ի շրջանավարտներին կտրվեն վկայականներ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի մակագրությամբ: Ստրասբուրգյան սեմինարին կհրավիրվեն միայն արդյունավետությամբ աչքի ընկած մասնակիցները: ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդ քաղաքական գործիչների իմացությունների ընդլայնմանը եւ քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը:
ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության եւ ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում, հայտնի հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային եւ տեղական կառավարման մարմիններում, բանակում, ոստիկանությունում, բիզնեսում եւ տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում, նրանց երիտասարդական կառույցներում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, հայեցողական պաշտոն զբաղեցնողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաեւ լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտական ոլորտի մասնագետները: Մասնավոր անձանց մասնակցություն ՔԴԵԴ-ի սեմինարներին չի նախատեսվում:
Հայտատուն պետք է՝
1. ունենա նվազագույնը 2-3 տարվա աշխատանքային ստաժ,
2. լինի մինչեւ 35 տարեկան: Ընտրվելիք մասնակիցների 25 տոկոսի չափով բացառություն կարվի մինչեւ 40 տարեկանների համար:
Անգլերենի կամ ռուսերենի իմացությունը պարտադիր է:
Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի կազմակերպելիք սեմինարներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.
1. դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձեւ),
2. 2 լուսանկար (մեկը փակցնել դիմում-հարցաթերթիկին),
3. ինքնակենսագրություն (CV),
4. շարադրանք «Ինչո՞ւ եմ ցանկանում սովորել ՔԴԵԴ-ում» թեմայով (մեկ տպագիր էջի սահմաններում),
5. երաշխավորագիր (պարտադիր կնքված) հայտատուին գործուղող կառույցի ղեկավարից առ այն, թե՝
ա. ինչո՞ւ է հայտատուին երաշխավորում մասնակցել ՔԴԵԴ-ի սեմինարներին: Որո՞նք են սպասելիքները,
բ. ինչո՞վ են իր կազմակերպության նպատակներն ու ծրագրերը համընկնում ՔԴԵԴ-ի առաքելության հետ:
Երաշխավորող մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից ՔԴԵԴ գործուղվող հայտատուի համար: Երաշխավորողի կողմից հայտատուի երաշխավորագիրն ուժը կորցրած համարելու դեպքում հայտատուն այլեւս չի հրավիրվում ՔԴԵԴ-ի սեմինարներին,
6.հավաստագիր (պարտադիր կնքված) աշխատավայրից, որ ՔԴԵԴ-ի կազմակերպելիք միջոցառումների ու սեմինարների ընթացքում հայտատուն ազատ կլինի աշխատանքի գնալու պարտականությունից եւ կվճարվի այդ օրերի համար,
7.փաստաթուղթ վերջին 2-3 տարվա (2011-2014) աշխատանքային ստաժի վերաբերյալ,
8.վկայական օտար լեզվի իմացության մասին (եթե կա):
Ֆաքսով կամ էլ. փոստով ստացված փաստաթղթերը չեն կցվում գործերին: Ներկայացնել միայն բնօրինակները:
Ըստ անհատական դեպքի, կարող են պահանջվել այլ փաստաթղթեր եւս:
Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները, դրանք ի հայտ գալուն պես, կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, պահանջ լինելու դեպքում, պետք է ներկայացնեն իրենց կազմակերպության ակտիվ գործունեության մասին վկայող փաստարկներ եւ հրապարակումներ:
Նախնական մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն:
ՔԴԵԴ-ի սեմինարներն արտագնա են (Ծաղկաձոր, Ջերմուկ եւ այլն): ՔԴԵԴ-ում սահմանված չէ ուսման վարձ եւ ուսուցումն անվճար է: Բացի այդ, հայաստանյան սեմինարների մասնակցության ու կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է ՔԴԵԴ-ը: Նրանք, ովքեր կհրավիրվեն ստրասբուրգյան սեմինարին, մասնակիորեն, 410 եվրոյի չափով, հոգում են Ֆրանսիայում կայանալիք միջոցառմանն իրենց մասնակցության հետ կապված ծախսերը:
Եվրոպայի խորհրդի կողմից սեմինարների եւ մյուս միջոցառումների չֆինանսավորման կամ ֆինանսավորման կրճատման պարագայում կարող է կրճատվել սեմինարների ու միջոցառումների քանակը:
Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ՝ անձնագրի առկայությամբ: Թերի ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում եւ չեն վերադարձվում:
Դիմումներն ընդունվում են հունիսի 16-18-ը, ժամը 12:00-ից 14:00-ը: Հասցե՝ Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:
Հեռախոս՝ 010 51 11 71
Կայք՝ www.ysps.am