ՀԱՐՑ. Ես կորցրել եմ իմ ծննդյան վկայականը: Խնդրում եմ ասել` վկայականը վերականգնելու համար ուր դիմեմ: Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, եւ որքա՞ն ժամանակում կստանամ նորը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նոր վկայականը ստանալու համար քաղաքացին պետք է դիմի այն տարածքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոն (ԶԱԳՍ-ՔԿԱԳ), որտեղից ստացել է իր ծննդյան առաջին վկայականը, քանի որ այնտեղ են պահվում իր տվյալները: Քաղաքացին պետք է ներկայացնի իր անձնագրի լուսապատճենը բնօրինակի հետ: Հարկավոր է, որ ներկայանա հենց կորած վկայականի տերը կամ նրա կողմից լիազորված անձը, քանի որ այլ դիմողների դեպքում չի տրամադրվի նոր վկայականը: Լիազորված անձը նույնպես պետք է ներկայանա անձնագրով եւ լիազորողի անձնագրի պատճենով: Ծննդյան նոր վկայականի տրամադրման գործընթացը տեւում է երեք օր:
կացության ակտերի գրանցման բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծննդյան վկայականը այնքան հազվադեպ է պետք գալիս, որ այն շատ հաճախ է մոռացության մատնվում ու կորում: Ուրախալի է, որ փաստաթղթերի տրամադրման ժամկետները կրճատվել են: Տվյալ դեպքում երեք օր է նշվում, ինչը նման գործընթացների համար բացառիկ սեղմ ժամկետ է: Զարմանալի է նաեւ, որ պետտուրքի մասին խոսք չկա, ինչը թույլ է տալիս կարծելու, որ կորած վկայականը կարելի է վերականգնել միանգամայն անվճար: