ՀԱՐՑ. Նոր մեքենաս պետք է ապահովագրեմ եւ ցանկանում եմ իմանալ` արդյոք կա տարբերություն, թե որ ապահովագրական ընկերությունում կապահովագրեմ: Հայաստանի Հանրապետությունում ովքե՞ր կարող են իրականացնել ԱՊՊԱ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ: Ոչ մի տարբերություն չկա: Քաղաքացին իր կամքով կարող է ընտրել ցանկացած ապահովագրական ընկերություն: Կարեւորը ապահովագրելն է, քանի որ մեքենան առանց ապահովագրելու վարելու դեպքում պետավտոտեսուչը տեղում 50 հազար դրամ կարող է տուգանել: Հայաստանի Հանրապետությունում ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեն ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դասով ապահովագրություն իրականացնելու իրավունք ունեցող Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները, որոնք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ունեն մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ եւ բավարարում են օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված պահանջները:
Էդուարդ Հովհաննիսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ ապահովագրական ընկերությունները շատ-շատ են, եւ նրանց գրասենյակներն ամենուր են, սակայն գնային առումով չկա տարբերություն: Ինչը նշանակում է, որ մրցակցություն կոչվածն այս դեպքում պայմանական է ասված, եւ խոսքը հաստատագրված վճարաչափերով գործունեության մասին է: Ապահովագրող ընկերություններն էլ թեեւ հավանական հաճախորդներին գովազդախեղդ են անում, սակայն որեւէ մեկը չի ձգտում թեկուզ լայնածավալ գովազդային արշավին հատկացվող միջոցները փոխարինել զեղչերով եւ համեմատաբար մատչելի գին առաջարկել: Ցավոք, ապահովագրող ընկերությունների սպասարկման որակի միջեւ նույնպես (ասենք` ժամանակին տեղ հասնելու հարցը) բացարձակապես տարբերություն չկա, ինչը կարող է ավտովարորդի կողմից ընտրություն կատարելիս կարեւոր դեր ունենալ: