ՀԱՐՑ. Օրեր առաջ վիճաբանության ընթացքում իմ անձի հասցեին վարկաբեկիչ բառեր են ասվել, ինձ հետաքրքրում է` Հայաստանի Հանրապետությունում բանավոր վիրավորանքի դեպքում վիրավորողն արդյոք ենթարկվում է որեւէ պատասխանատվության:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածը գրավոր կամ բանավոր վիրավորանքի մեջ որեւէ տարբերակում չի դնում, եւ երկու դեպքում էլ, եթե վիրավորանքը հրապարակային է, ապա վիրավորող անձը ենթարկվում է պատասխանատվության: Հրապարակային է կոչվում այն վիրավորանքը, երբ մի անձը մյուսին վիրավորում է որեւէ երրորդ անձի կամ այլ անձանց ներկայությամբ: Այսինքն` բանավոր վիրավորելու դեպքում վիրավորողին պատասխանատվության ենթարկելու համար առաջնային խնդիրը վիրավորանքի հրապարակային կամ ոչ հրապարակային լինելն է: Եթե ձեզ վիրավորել են մեկուսի, ոչ հրապարակային, ապա վիրավորողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատիժ չկա:
գրասենյակի իրավաբան Գենյա Պետրոսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքացին դեռ պետք է կարողանա ապացուցել, որ իրեն իսկապես վիրավորել են: Այսինքն` վկաների բացակայությունը զրոյացնում է տուժողի կողմից սեփական իրավունքները պաշտպանելու հնարավորությունը: Չի բացառվում նաեւ, որ նման փորձը դիտարկվի որպես շանտաժ մեկ այլ անձի հանդեպ:
Ոչ բանավոր վիրավորելու դեպքում գրավոր տեսքը կամ ձայնագրությունը կարող է դառնալ հիմք` տեղի ունեցածն ապացուցելու, իսկ երբ մասնակից-վկա չկա, ոչինչ ապացուցել, ցավոք, հնարավոր չէ: