«ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՄ, ԲԱՅՑ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններն այսօր ամենից հաճախ քննարկվող թեմաներից են: Մենք էլ մեր հերթին պարզում ենք` արդյոք արվեստի բնագավառի ներկայացուցիչները նույնպես ներգրավված են քաղաքականության մեջ: Դերասան  ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ զրույցում իմացանք, որ նա հետաքրքրվում է քաղաքականությամբ, բայց ինչպես ինքը նշեց, շատ բան չի հասկանում:  
-Քաղաքականությամբ հետաքրքրվում եմ շատ, բայց չեմ հասկանում, չեմ խորանում` չնայած հետեւում եմ դեպքերի ընթացքին: Ամբողջ աշխարհն է քաղաքականության վրա հիմնված: Կարելի է ասել, որ դա մի մեծ գիտություն է: Քաղաքական գործիչը պետք է ճկուն լինի: Ես, օրինակ, չէի կարողանա քաղաքականությամբ զբաղվել, էմոցիաներով եմ առաջնորդվում, դա կարող է խանգարել:
-Քաղաքական գործչին էմոցիաներ պե՞տք չեն:
-Ինձ թվում է` կխանգարի: Չնայած քաղաքական գործչին նաեւ դերասանական ընդունակություններ են պետք, որ խոսի, համոզի մարդկանց: Ա՛յ հրապարակավ ելույթների ժամանակ դերասանական ձիրքն ու էմոցիաները տեղին կլինեն:
-Դուք նշեցիք, որ քաղաքականությամբ հետաքրքրվում եք, բայց չեք հասկանում:  Իսկ նկատե՞լ եք, որ այսօր շատ երիտասարդներ ակտիվ գործունեություն են ծավալում քաղաքական ոլորտում: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է ստիպում այդ երիտասարդներին դառնալ կուսակցական, ինչ-որ գաղափարների հետեւորդներ…
-Ամեն ժամանակ բերում է իր հետաքրքրությունները, երեւի հիմա էլ քաղաքական դաշտով հետաքրքրվելու էտապն է: Մեր ժամանակ թատրոնը մեզ համար հրաշք էր, չեմ կարծում` հիմա այն այդչափ գրավիչ է: Չեմ էլ կարծում, որ շատ երիտասարդների համար քաղաքականությունը հետագայում կդառնա փողի աղբյուր, այդտեղ մրցակցությունը շատ մեծ է, այդքան հեշտ չէ հարգված ու սիրելի հանրային մարդ դառնալ:
-Մայիսին ԱԺ ընտրություններ են, ո՞ր կուսակցության դիրքորոշումն է Ձեզ գաղափարապես մոտ:
-Ես բոլորի հետ եմ, որովհետեւ բոլորն իմ հանդիսատեսն ու սիրելի ժողովուրդն են: Ճիշտ եմ ասում, հատուկ դիրք չեմ բռնել ավելի հանգիստ ապրելու համար: Այս պահին չեմ տեսնում այն կուսակցությանը, որը հստակ ծրագիր է մշակել մեր ժողովրդի բարեկեցության համար: Բոլորին հավասար եմ վերաբերվում: Գուցե սխա՞լ եմ, երեւի պետք է որեւէ կուսակցության կողմը լինել:
-Երբեւէ ոչ մի քաղաքական քարոզարշավի մեջ կամ որեւէ թեկնածուի կողքին չե՞ք եղել:
-Ինձ չեն էլ կանչել, բայց եթե առիթ լինի, հրավիրեն, պետք է նախ մտածեմ` որքանով է իմ ներկայությունը ճիշտ: Մենք հիմա դժվար պայմաններում ենք, գիտե՞ք` աշխարհում ինչ է կատարվում, սարսափելի վիճակ է: Բայց գիտեմ, որ վաղը լավ է լինելու:
-Փաստորեն, հավատո՞ւմ եք վաղվա պայծառ օրվան:
-Անպայման, եթե դա չլինի, մենք էլ ինչի՞ համար ենք ապրում: Պետք է կամաց-կամաց կարգավորվի: Բարդ վիճակ է, մենք էլ, փառք Աստծո, աշխարհագրական այնպիսի դիրք ունենք, որ… Ռեսուրսներ չունենք, ա՛յ դա է խանգարում մեր վերելքին: Միայն խոսքով չէ, պետք է նյութապես շոշափես, որ կարողանաս ապրել:
-Գո՞հ եք Ձեր այսօրվա սոցիալական վիճակից:
-Չեմ կարող ասել` գոհ եմ, յուղ ու մեղրի մեջ ենք ապրում, բայց ես գիտեմ մի բան` հայրենասիրություն ու համբերություն: Նայե՛ք, Կորեայի մասին ժամանակին ասում էին` Կորեայի որբեր: Դե տեսե՛ք` հիմա ինչ երկիր են սարքել: Համբերատար, միասնական գնացին առաջ: Մենք էլ պետք է միասնական, նեղություն կրելով, չարչարվելով, աշխատելով` ստեղծենք երկիրը մեր: Մեր ազգն արժանի է լավ պետություն ունենալու: Եթե պետք է բոլորը վեշ-մեշոկներն առնեն փախնեն, դրանից լավ բան դուրս չի գա:
-Ձեզ միայն հայրենասիրությո՞ւնն է ստիպում այստեղ մնալ:
-Իմ հողը, իմ պապերի գերեզմանները, իմ սերունդները, էրեխեքը, թոռները: Ո՞նց գնամ ես ուրիշ տեղ, գնամ ի՞նչ ասեմ, ի՞նչ հայտարարեմ: Ասեմ` ձերը լավ երկիր է, եկել եմ ստեղ ապրե՞մ: Ճիշտ եք, հիմա ով ոնց կարողանում, ապրում է, ամեն մեկը մի ձեւ է գումար հայթայթում, բայց հո բոլորս չե՞նք գնա: Չգիտեմ, ես լավատես եմ, նաեւ  պրակտիկ մարդ  եմ: Պետությունն ինչ-որ բաներ անում է, բայց պետք է լինի արդյունաբերություն, արտադրություն, որ տնտեսությունը հիմնվի այդ ուժի վրա, որ մարդիկ աշխատեն:
-Բայց այսօր անգամ պետական հիմնարկներում աշխատող մարդիկ չեն կարողանում իրենց աշխատավարձերով լավ ապրել:
-Ես էլ, կինս էլ պետական հիմնարկներից ենք աշխատավարձ ստանում, երկուսինս միասին կազմում է 160 հազար դրամ, բայց ես նաեւ հեռուստատեսությունից եմ գումար ստանում: Եթե չլինի սերիալը, բարդություններ կլինեն, բայց էդ դեպքում էլ ուրիշ միջոցների կդիմեմ` ներկայացումներ կբեմադրեմ, կխաղամ շրջաններում, ասմունքի դասեր կտամ, մի բան կստեղծեմ ապրելու համար: Բա տղամարդն ի՞նչ տղամարդ է, որ դատարկ գրպաններով պետք է տուն գնա ու իր նկատմամբ հարգանք պահանջի:
-Իսկ ինչքա՞ն գումար է հարկավոր ձեր երեքհոգանոց ընտանիքին` նորմալ ապրելու համար:
-Դե երեւի մի 300 հազար դրամ, որ սովամահ չլինես, բայց պետք է մի քանի տեղ աշխատես: Հանգստանալու մասին չեմ խոսում, հիմա շռայլության ժամանակը չէ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս