«ԱՐԴԱՐԱԴԱՏ» ՆԱԽԱՐԱՐԻ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում արդարադատության նախարարների հարցում Հայաստանի բախտը չի բերում: «Փառապանծ» Դավիթ Հարությունյանին փոխարինեց Գեւորգ Դանիելյանը, ով, պարզվեց, վարչապետի սրտով չէր, ու իր պաշտոնը զոհաբերեց հանուն այն բանի, որ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը գեներալ դառնա: Նրան էլ փոխարինելու եկավ Հրայր Թովմասյանը` մեր միակ նախարարը, ով ոչ պետական բուհի շրջանավարտ լինելով` հասցրել է լուրջ հաջողությունների հասնել:
Արարատի մարզի Դարակերտ գյուղում ծնված Հրայր Թովմասյանն ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետն ու ստացել իրավաբանի որակավորում: Անկեղծ ասած, այս միջազգային իրավունք հասկացությունը միշտ շփոթության մեջ է գցում, որովհետեւ Հայաստանում միջազգային իրավունքի մասնագետ կարծես թե չկա, կամ էլ այնքան քիչ են, որ հազիվ թե մի ամբողջ ֆակուլտետ, այն էլ ոչ պետական բուհի, կարողանային ապահովել բարձրակարգ դասախոսություններով: Ինչեւէ, գերազանցիկ շրջանավարտը սովորել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտում, պատրաստել թեկնածուական ատենախոսություն: Իսկ թեկնածուականի թեման էլ եղել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը»: Ուրեմն նա պիտի կարողանա գոնե գիտականորեն պաշտպանել ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքները: Ու պաշտպանում էր, երբ նախարար չէր. մասնակցում էր տարբեր ծրագրերի, հեռուստատեսությամբ ելույթներ էր ունենում, քննադատում ընտրական համակարգերը, խոսում արդարության մասին, բացատրում այն  հիմնահարցերը, որոնք առկա էին ընտրական գործընթացներում:
Հրայր Թովմասյանը 1996-2001 թվականներին աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ծառայության ղեկավարի տեղակալ: Մի կարճ շրջան` 2001-ի ապրիլից օգոստոս, եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար: Հավանաբար «զզված» այդ նախարարությունից ու այնտեղ տիրող «վայրի բարքերից»` հեռացել է եւ աշխատանքի անցել «Գերմանական տեխնիկական համագործակցություն» ընկերության «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրում որպես իրավաբան: Շուրջ տասը տարի այստեղ աշխատելուց հետո էլ տեղափոխվել եւ աշխատում էր նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրում որպես իրավախորհրդատու: Այսինքն` տասը տարուց ավելի նա աշխատել է «դրսի» ծրագրերում` նպաստելով այն բանին, որ մեզ մոտ կայանա քաղաքացիական հասարակարգը, լինեն օրենքների գերակայություններ: Երեւի այս ցանկությունն էլ նպաստել է այն բանին, որ նշանակվի արդարադատության նախարար: Իհարկե, հազվադեպ է լինում, որ պետական ծառայության մեջ չգտնվող, առանցքային դիրք չգրավող մարդուն մեր երկրում նախարար նշանակեն, սակայն ասում են, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ հատուկ հետաքրքրություն է եղել: Նրա նշանակումն, անշուշտ, ոգեւորեց շատերին, գոտեպնդեց, մտածեցին, թե եկել է մեկը, ով կոռումպացված չէ, բյուրոկրատական ապարատի հետ չի սերտաճել եւ  հայտնի է որպես սկզբունքային անձնավորություն:
Սակայն ստանձնելով նախարարի պաշտոնը` Հրայր Թովմասյանը մի քանի «հաճելի» հայտարարություններ արեց. նոտարական գրասենյակների աշխատանքը փորձեց կարգավորել` իր դեմ հանելով Հայաստանի գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանին, իսկ հետո էլ անցավ մյուս նախարարների «գործառույթներին» եւ սկսեց պաշտպանել այն համակարգը, որն արդեն կա, եւ որի մի մասնիկն էլ ինքն է: Հենց սկզբից պարզվեց, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հրայր Թովմասյանի ջրերը մի առվով չեն գնում: ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգության»  պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ Ստեփանակերտ ուղեւորվելիս Մեղրիի անմարդաբնակ հատվածում  նկատել է, թե ինչպես են  քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները  թուզ եւ նուռ հավաքում: Հրայր Թովմասյանն էլ տեղեկացրեց, որ նման աշխատանքներն իրականացվում են «Դատապարտյալների աջակցության» հիմնադրամի միջոցով, եւ որ բացի գյուղատնտեսական աշխատանքներից` այդպիսի մի քանի ոլորտներ կան` ձեռքի աշխատանքներ, քարի, հացի արտադրություն, ինչի համար դատապարտյալները վարձատրվում են: Հովիկ Աբրահամյանն  այդ հարց ու պատասխանից հետո հետեւյալ ռեպլիկն արեց. «Թովմասյա՛ն, թզի գործով եք զբաղվում»:
 Հրայր  Թովմասյանը ոլորտում կադրերի հետաքրքիր վերադասավորումներ է անում` իր յուրայիններին նշանակելով հանգուցային պաշտոններում` միաժամանակ արհեստավարժներին հետ մղելով: Այսպես ոլորտի արհեստավարժներն իրեն չեն խանգարի, իսկ ընկերների գիտելիքներն էլ այնքան չեն, որոնցից նեղվի «Գլաձոր» համալսարանի շրջանավարտ նախարարը:
Նրա նշանակմամբ հույսեր ծնվեցին, թե քրեակատարողական հիմնարկներում վերջ կտրվի կոռուպցիային, թե կբարելավվի կալանավորների վիճակը, սակայն ամեն ինչ մնաց իր տեղում, որովհետեւ Թովմասյանն էլ նմանվեց իր նախորդներին:
 Վերջերս արդարադատության նախարարը մի «նորամուծությամբ» հանդես եկավ` խլացուցիչներ տեղադրել տալով կալանավայրերում: Աշխարհում գնում են կալանավայրերի կատարելագործմանը, կապի պայմաններ են ստեղծում կալանավորների համար, իսկ մեր նախարարը  նրանց արգելում է օգտվել բջջայիններից…
Առավել «հետաքրքիր» էր նախարարի պահվածքը 2008թ. մարտի 1-ի հանցագործության բացահայտման հարցում: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի քննարկման ժամանակ էլ անհասկանալի պահվածք դրսեւորեց: Մինչդեռ նախարարի պաշտոնը ստանձնելուց առաջ Թովմասյանն այլ կերպ էր մտածում:
Նա նաեւ յուրովի «ջրեց» Դալմայի այգիների տերերի պահանջները, անգամ չուզեց արձագանքել հացադուլ հայտարարած կալանավորին:  
Հ.Գ. Ի դեպ, երեք երեխաների հայր Հրայր Թովմասյանը վերջերս հայտնվեց մի սկանդալային պատմության մեջ: Facebook-ի կին օգտատերերից մեկն իր էջում հայտարարեց, թե Թովմասյանն աշխատանքային ժամերին իրեն անընդհատ նամակներ է գրում` փորձելով «կպցնել»: Նախարարն առայժմ չի արձագանքել: Ըստ լուրերի` Հրայր Թովմասյանին այդ մասով նույնիսկ շնորհավորողներ են եղել, որ գոնե աղջիկների նկատմամբ է հետաքրքրություն ցուցաբերել: Թե չէ ինչ իմանաս, Արմեն Ավետիսյանն ինչեր ասես, որ չէր հայտարարում երկրի կառավարության մասին:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս