«ՄԻ՛ ԽԱՌՆՎԵՔ ԻՄ ՈՒ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԹԵՄԱՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Չարենցավանի ճանապարհին այրվեց ԲՀԿ ուսանողական ավտոբուսը, քաղաքական դաշտում անմիջապես սկսեցին վարկած շրջանառել, թե դա արել է Գագիկ Ծառուկյանի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող  Արթուր Հարությունյանը (Պալաչը): Վերջինս Աբովյան-Երեւան ուղեւորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» տրանսպորտային ընկերության տնօրենն է, որի երթուղով Գագիկ Ծառուկյանն անվճար ավտոբուսներ է աշխատեցնում: Պարզելու համար, թե ինչ կապ ունի տեղի ունեցածի հետ Արթուր Հարությունյանը, «Ժողովուրդ»-ը զանգահարեց նրան:
-Ես էդ ամեն ինչի հետ ոչ մի կապ չունեմ, ու ոչ մի խելացի մարդ նման քայլի չի գնա` այն էլ այսօր… նման բանը բացառե՛ք: Էդ մարդիկ մեղավոր չեն ոչ մի բանում, իրանք ընդամենն ուղեւորներ են տեղափոխում, որ Ծառուկյան Գագոն ուզում ա ինադու Հարությունյան Արթուրին սննկացնի, էդ մարդիկ ի՞նչ կապ ունեն: «Պազիկի» վարորդը ի՞նչ մեղավոր է, իրան փողը տվել են, գալիս քշում է:
-Իսկ ինչո՞ւ եք դուրս եկել Ձեր քավորի դեմ:
-Ես ասեմ, որ ես իմ քավորի դեմ դուրս չեմ եկել, ես պաշտպանում եմ այլ կուսակցության շահերը: Եւ դա անում եմ բացահայտ: Ինչի ՀՀԿ-ի շահերը պաշտպանելը նշանակում է դուրս գալ քավորի դե՞մ: Եթե տվյալ երթուղու ցանցում կա երթուղի, մարդն ուզում ա էդ մարդկանց լավություն անի, անվճար տեղափոխի, պիտի էդ տրանսպորտային կազմակերպության հաշվեհամարին գումար փոխանցի, եւ մենք մարդկանց անվճար կտեղափոխենք: Մենք հարկատու ենք, հարկ ենք վճարում: Բարերար մարդը տենց բան չի անում, որ 200 մարդու անգործ թողնի: Բայց նա չի կարա տարիներով անվճար երթուղին թողնի, բոլորս հասկանում ենք, թե ինչի հետ ա կապված: Ուղղակի էս դեպքում էդ «բարերարը» պետք չի կպցնել:
-Ինչո՞ւ եք գժտվել Գագիկ Ծառուկյանի հետ:
-Ես ասեմ, դուք փոխանցե՛ք պարոն Ծառուկյանին, որ եթե ուզում է խոսի, ուրեմն թող իմ հետ ուղիղ խոսի: Նաիրազոհրաբյանների միջոցով թող ինչ-որ անպատիվ խոսքեր չասեն… եթե մենք սկսենք մականուններով խոսալ, մարդկանց վարկաբեկել, ուրեմն թող չմոռանան ԲՀԿ նախագահի մականունը: Պետք է մեկս մյուսին հարգենք, ու ես հարգում եմ Ծառուկյան Գագիկին, որովհետեւ նա, առաջինը, ինձանից տարիքով մեծ է, երկրորդը` էս երկրում իշխող կուսակցության ղեկավար է, էդ մարդը քիչ կողմնակից չունի: Բայց ես չեմ հարգի իրան ու իրա կողմնակիցներին, եթե էդ մարդիկ իմ հանդեպ ոչ հարգալից խոսեն թե՛ թերթերի միջոցով, թե՛ բանավոր: Ես տիկին Նաիրա Զոհրաբյանին չեմ վիրավորի, ինչպես ինքն ինձ վիրավորեց, որովհետեւ կին արմատ է: Նենց որ թող ոչ մեկն էլ չխառնվի իմ ու Ծառուկյան Գագիկի խոսակցությունների ու թեմաների մեջ, հաստատ վաղը մյուս օրն իր համար ա  վատ լինելու:
-Ըստ շրջանառվող լուրերի` Ձեր թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբայրը` ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը: Ի՞նչ հարաբերություններ ունեք նրա հետ:
-Խնդրում եմ գրե՛ք, որ իմ հովանավորն իմ տեր Աստվածն է, ոչ մեկ չի կարող հովանավորել, որ ես դուրս գամ մեկի դեմ: Ես իմ սրտի ցանկությամբ ուզում եմ պիտանի լինեմ այս երկրին, ես գտնում եմ, որ երկրի նախագահի քաղաքականությունը ճիշտ է, ես պահում եմ մեր երկրի նախագահի շահերը: Բայց դա չի նշանակում, որ ես թշնամի եմ ուզում լինել մի այլ մարդու կամ մեկ այլ կուսակցության:
-Դրա համա՞ր եք ԲՀԿ-ից դուրս եկել:
-Դա էլ է սխալ ինֆորմացի, որ տարածվել է. Էլի եմ ասում, երբ որ ես Ծառուկյան Գագիկին ճանաչում էի, ԲՀԿ-ն հլը ծնված չէր, ու երբ Ծառուկյան Գագիկի հետ ուղղակի մեր ճանապարհները շեղվեցին, այդ ժամանակ նույնպես ԲՀԿ-ն ծնված չէր: Ես 12 տարի Ծառուկյան Գագիկի մոտ չեմ աշխատում, 12 տարի հետո եմ նոր դիմում տվել, որ մտնեմ ՀՀԿ: Դեռ ՀՀԿ-ի լիարժեք անդամ էլ չեմ:
-Բայց չէ՞ որ Ծառուկյանը Ձեր թիկունքին է կանգնած եղել, ինչո՞ւ նրա կողքին չեք:
-Իմ հերս ա եղել իմ թիկունքին, իմ թիկունքին ոչ մեկ չի եղել: Ծառուկյանը ո՛չ ինձ փող ա տվել, որ ես գործ անեմ, ո՛չ էլ… Իմ համար իմ թագավորը, իմ ամեն ինչն էլ իմ հերն ա: Ոչ ճիշտ խոսակցություններ են գնում, փորձում են վիրավորել: Ես չէի պատկերացնում, որ նման հզոր կուսակցություն, որտեղ կան այդքան հասկացող մարդիկ, կարող էր այդքան ցածր մտածելակերպ ունենալ: Եթե իրանք ինձ թերթերի միջոցով վիրավորում են, ուրեմն ասեմ, որ իրանք են ցածրանում, եթե սկսենք վիրավորել մեկս մեկին, ուրեմն բոլորն էլ կարող են:
-Դառնալու եք ՀՀԿ-ի` Աբովյան քաղաքի պատասխանատո՞ւն:
-Ես չգիտեմ, դա կորոշի ՀՀԿ խորհուրդը:
Հ.Գ. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այրված ավտոբուսը եղել է բոլորովին նոր, սարքին վիճակում, չի ունեցել որեւէ տեխնիկական խնդիր. «Կատարվածից մեզ մոտ եւս շատ լուրջ հարցեր են առաջ գալիս, եւ մենք առաջիկայում որոշակի հանգամանքներ պարզելուց հետո անպայման կտանք պարզաբանումներ, թե ինչպես կարող է սարքին ավտոբուսը հանկարծակի բռնկվել ու այրվել»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս