«Հայերեն ասեցի, չե՞ք հասկանում` հանգիստ մնացեք, ձեզ համար ռուսերեն ասե՞մ»:
Հովիկ Աբրահամյան «Առավոտ»
«Գազպրոմ»-ի եւ «Հայռուսգազարդ»-ի խայտառակ պայմանագրերը ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից վավերացնելուց հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արդեն հանգիստ կերպով կարող է իր ռուսահպատակ կուսակիցներին դիմել Մաքսահայաստանի աշխատանքային լեզվով` ռուսերենով: Ի դեպ, «քյարթու», ռուսերեն աղավաղված արտահայտություններով լեցուն «գողական» բառապաշար ունեցող ՀՀԿ-ականների համար ռուսերենը հավանաբար շատ ավելի հոգեհարազատ ու հասկանալի կլինի, քան հայերենը: Եվ հետո, եթե ՀՀԿ-ականները հայերեն հասկացող լինեին, ապա գոնե կփորձեին հասկանալ հայ հասարակության. հայերենով արտահայտվող կարծիքները:
«Ոչ մի… Նոր եմ որոշել գրել, որոշել եմ, որ մյուս տարվա մեջ գրեմ»:
Տիգրան Ստեփանյան 1in.am
Խոսքն օրենք գրելու մասին է: Փաստորեն, ԲՀԿ-ական պատգամավորն արդեն մեկուկես տարուց ավելի է` իր կողմից ոչ մի օրինագիծ չի ներկայացրել խորհրդարանում: Սակայն նա, այդուհանդերձ, պատգամավոր է, աշխատավարձ է ստանում, պատգամավորական անձեռնմխելիությունից է օգտվում: Եվ, ցավոք սրտի, Տ. Ստեփանյանը միակը չէ: Մեր ԱԺ-ում քիչ չեն պատգամավորները, որոնք ընդամենը գիտեն, որ կա մի կոճակ, որը պետք է սեղմել` երբ եւ ինչպես ասեն: Իսկ թե ինչ է ընդհանրապես օրենքը, օրինագիծը, ինչպես է այն գրվում, ներկայացվում, Հայաստանում այդ մասին օրենսդիրի ներկայացուցիչը պարտադիր չէ, որ իմանա:
«Մենք չենք կարող ամեն տարի զարդեր գնենք եւ դեն նետենք: Պետք է, բնականաբար, օգտագործենք, կենտրոնական հատվածում նորերն ենք տեղադրում, անցած, նախանցած տարվա զարդերը տեղափոխել ենք ծայրամաս… Միջոցառումների… նոր ձեւավորման դետալներ ենք ձեռք բերել, ուզում ենք հետ չմնանք այլ մայրաքաղաքներից»:
Տարոն Մարգարյան
Այդ դեպքում ի՞նչ կարիք կար քաղաքապետարանի բյուջեից 60 մլն դրամ հատկացնելու, եթե օգտագործվելու էին անցած եւ նախանցած տարվա զարդերը: Կամ հռետորական հարցն ավելի հստակ ձեւակերպենք` ո՞ւմ գրպանն է գնալու այդ փողը… Կամ ի՞նչ «բարձրաճաշակ» միջոցառում պետք է կազմակերպի Երեւանի քաղաքապետարանը, միգուցե Նունե Եսայանի հերթական «էլիտար» համե՞րգը: Այլ մայրաքաղաքներից հետ չմնալու համար պետք է նախ մտահոգվել մայրաքաղաքի բնակիչների կենսամակարդակով, որը տասնյակ տարիներով հետ է մնում այլ մայրաքաղաքներից, այլ ոչ թե մտածել միայն կենտրոնի մի քանի փողոցների, անիմաստ արձանների, զարդերի եւ դալանների մասին:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ