Հայաստանում ամառային հանգիստն անցկացնելը բավականին թանկ հաճույք է, առավելեւս, որ այդ հաճույքն էլ լիակատար չէ՝ հաշվի առնելով ծովի բացակայությունն ու մեր հանգստյան օբյեկտների սպասարկման ոչ նախանձելի որակը: Այդ պատճառով էլ բազմաթիվ ընտանիքներ գերադասում են իրենց հանգիստն անցկացնել Վրաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ անգամ Բուլղարիայում, քանի որ այնտեղ գներն ավելի մատչելի են: Արդյունքում մեր հանրապետությունում տնտեսության գերակա ճյուղ հայտարարված զբոսաշրջությունը` այդ թվում ներքին, այդպես էլ չի զարգանում:
Հայաստանում մեկօրյա քիչ թե շատ արժանավայել հանգստի համար նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին պետք է իր մեկ ամսվա աշխատավարձը ծախսի: Եվ եթե նվազագույն աշխատավարձին համարժեք եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացին, ով, ի դեպ, ՀՀ քաղաքացիների զգալի մասն է կազմում, ցանկանա տարվա մեջ թեկուզ 12 օրով իր ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում, ապա նա իր մեկ տարվա ամբողջ աշխատավարձը պետք է տրամադրի:
Մինչդեռ Հայաստանում զբոսաշրջային վայրերը ծանրաբեռնված չես համարի նույնիսկ հանգստի ամենաթեժ համարվող շրջանում: Իսկ մարդիկ նախընտրում են հարեւան երկրներում անցկացնել իրենց ամառային հանգիստը, քանի որ այնտեղի ծառայություններն ավելի մատչելի են, քան ՀՀ-ում:
Օրինակ` Վրաստանի «Բաթումի» հյուրանոցում մեկ օրվա արժեքը սկսում է 16 հազար դրամից, «Աստորիա» հյուրանոցում այն կազմում է 26 հազար դրամ: Իսկ Ստամբուլում քաղաքացին կարող է գտնել հյուրանոց, որտեղ մեկ օր անցկացնելու համար պետք է վճարի քսան հազար դրամին համարժեք գումար:
Արդեն քանի տարի է` մեր հայրենակիցների գերակշիռ մասը գերադասում է Վրաստանում անցկացնել իր ամառային հանգիստը, քանի որ այնտեղ կարելի է սեփական տուն վարձել, ինչն ավելի մատչելի է: Վրաստանում մեկ օրով սեփական տուն վարձելն արժե 2500-3500 դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ Վրաստանում ամառային հանգիստը Հայաստանի համեմատ 6-7 անգամ ավելի մատչելի է:
Օրինակ՝ Սեւան ավտոմայրուղու վրա գտնվող «Օրսետո» կոչվող հանգստյան տան քոթեջներում, որտեղ կարող է տեղավորվել մեկ ընտանիք, մեկ օրվա արժեքը կազմում է 40 հազար դրամ՝ առանց սնունդի: Իսկ եթե հանգստացող ընտանիքը հինգ օր կամ ավելի է մնում, ապա նախաճաշը մտնում է այդ գնի մեջ:
Իսկ ահա Սեւանի ափին գտնվող հայտնի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում մեկ անձի համար մեկ գիշերն արժե 35 հազար դրամ: Ընդ որում՝ այս գնով սենյակի պատուհանից Սեւանը չի երեւում: 35 հազար դրամ արժողությամբ համարում հանգստացող հյուրերը կարող են «զմայլվել» միայն ավտոմայրուղիով: Իսկ այն համարները, որոնց պատուհաններից երեւում է լիճը՝ մեկ կամ երկու անձի համար արժեն 45 եւ 55 հազար դրամ:
Ինչեւէ. Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները մշտապես կարեւոր տեղ են տվել զբոսաշրջության զարգացմանը: Սակայն` միայն հայտարարությունների մակարդակով: Դեռեւս 2002թ-ից նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Հայաստանում զբոսաշրջությունը հռչակվեց տնտեսության գերակա ճյուղ, սակայն մինչ օրս այդ գերակայությունը որեւէ կերպ չի նկատվում եւ մեր երկրում զբոսաշրջությունը չի զարգանում: Ոլորտի զարգացման համար կառավարության ձեռնարկած ամենամեծ քայլը, թերեւս, գերթանկարժեք բիոզուգարանների ներկրումն էր, որոնք, ինչպես հայտնի է, այդպես էլ չաշխատեցին:
Ինչ վերաբերում է Հայաստանում տարեցտարի կառուցվող շքեղ եւ գերթանկարժեք հյուրանոցներին, ապա դրանք այնքան քիչ այցելուներ ունեն, որ կարողանում են ընդամենը կատարված ծախսերը ծածկել՝ սեփականատերերին առանձնապես շահույթ չբերելով: Լավագույն դեպքում շարժն ապահովում են այս կամ այն հյուրանոցի տիրոջ պաշտոնյա ընկերները կամ մեծահարուստ շրջապատը: Իսկ բուն զբոսաշրջային բիզնեսի մասին խոսելն ավելորդ է:
Չնայած այս ամենին, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Հայատան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճում է: «Ժողովուրդ»-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ 2013թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետություն է ժամանել 957 240 զբոսաշրջիկ, եւ այդպիսով 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 13.5 տոկոսով: 2014թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 154 471 զբոսաշրջիկ եւ այդպիսով 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 20.5 տոկոսով:
Իսկ ահա զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնողների թիվը 2014թ. հունվար-մարտին կազմել է 162 073 մարդ՝18.2 տոկոսով ավելի, քան 2013թ. -ին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ