Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը կուժեղացնի իր հակաօդային պաշտպանության համակարգերը՝ պատասխանելով վերջին շրջանում Ուկրաինայի կողմից իրականացվող անօդաչու թռչող սարքերի հարվածներին, որոնք հասել են նաև Ռուսաստանի խորքային տարածքներ։
Պուտինը այս մասին խոսել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում՝ միջազգային լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում՝ պատասխանելով Associated Press-ի հարցին։
«Ցավոք, դրանցից մի մասը ներթափանցում է։ Ռուսաստանն ունի հակաօդային պաշտպանություն, բայց այն պետք է կատարելագործել և ուժեղացնել, և մենք դա կանենք», — ասել է Պուտինը՝ անդրադառնալով անօդաչու հարձակումներին։
Համաժողովի մեկնարկից ժամեր առաջ ուկրաինական անօդաչու սարքերի հարվածներից հրդեհվել էր Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալը, ինչպես նաև վնասվել էր մոտակա ռազմածովային բազան։ Հարվածի հետևանքով քաղաքի երկնքում բարձրացել էր խիտ սև ծուխ։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ փոխզիջումների համար՝ հիշեցնելով Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած քննարկումները։ Նրա խոսքով՝ ցանկացած համաձայնության համար Ուկրաինան պետք է ընդունի առաջարկվող պայմանները։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ուղիղ բանակցություններ անցկացնել՝ ուղղված պատերազմի ավարտին։ Սպիտակ տան նախկին և ներկա քննարկումների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես նշել է, որ լավ կլինի, եթե երկու կողմերի ղեկավարները հանդիպեն։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը դեռ չի ծանոթացել Զելենսկու նամակին, սակայն կրկնել է, որ բանակցությունների դեպքում վերջինս կարող է այցելել Մոսկվա։ Պուտինը ավելի վաղ նշել էր, որ հնարավոր է հանդիպում երրորդ երկրում, եթե լինի վերջնական համաձայնության նախագիծ։
Պուտինը նաև կասկածի տակ է դրել Եվրամիության հնարավոր միջնորդական դերը՝ պնդելով, որ միջնորդությունը պետք է լինի չեզոք։
Անդրադառնալով ռազմական իրավիճակին՝ նա հայտարարել է, որ ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը ողջ շփման գծով և ընդգծել է Դոնեցկի ամբողջ տարածքի վերահսկման նպատակադրումը։
Պուտինը նաև նշել է, որ Ուկրաինայի դեմ կիրառված «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռը օգտագործվել է փորձարկման նպատակով։
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նաև հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից՝ կատակով նշելով, որ «այդ հարցի մասին դեռ չի մտածում»։
Սանկտ Պետերբուրգի համաժողովը, որը հաճախ համեմատվում է Դավոսի ֆորումի հետ, այս տարի անցկացվում է արևմտյան երկրների սահմանափակ մասնակցությամբ, սակայն մասնակցում են մի շարք այլ պետությունների ներկայացուցիչներ։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի






























