Աշտարակի ավագանու անդամները կանչվել են ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 30-ին` Աշտարակի ավագանու նիստի ժամանակ, քաղաքապետ Արմեն Անտոնյանն առաջարկել էր կայացնել մի որոշում, համաձայն որի՝ Աշտարակի նոր կառուցվող սպորտդպրոցի հարակից շուրջ 1300 քմ հողատարածքը պետք է աճուրդի հանվի՝ գազալցակայան կառուցելու համար:

Ավագանու անդամները 7` կողմ, 7` դեմ ձայների հարաբերակցությամբ թույլ չէին տվել հողատարածքի աճուրդն իրականանա՝ պատճառաբանելով, որ այդ տեղը գազալցակայանի համար հարմար չէ, քանի որ կողքին կառուցվում է մարզադպրոց, ԱԿԲԱ բանկի մասնաճյուղն է գտնվում հարևանությամբ, իսկ 30-40 մետր հեռավորության վրա կան բնակելի տներ: Այսինքն՝ գազալցակայանի շինարարության համար նախատեսված անվտանգության որևէ կանոն պահպանված չէ:

Արդյունքում, «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Աշտարակի ուժային կառույցների ղեկավարները, քաղաքապետ Անտոնյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը սկսել են մեկիկ-մեկիկ աշխատել ավագանու անդամների հետ, որպեսզի նրանք իրենց համաձայնությունը տան՝ այդ տարածքում գազալցակայան կառուցելու համար: Որոշ դեպքերում անգամ եղել են սպառնալիքներ՝ աշխատանքից հեռացնելու, «վատ լինելու» և այլ տխուր հեռանկարների տեսքով:

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցեցին, որ այսօր կայացել է Աշտարակի ավագանու նիստ:

Մեր այս տեղեկությունը հաստատեց ավագանու անդամ Կարեն Շահազիզյանը, ով հավելեց, որ գազալցակայանի հետ կապված խնդիրը վաղուց լուծվել է և այն կառուցելու հետ կապված առաջարկը մերժվել է:

Ինչ վերաբերում է մարզադաշտի կառուցմանը, ավագանու անդամը հայտնեց, որ ֆինանսավորում դեռևս չկա, և որքանով իրեն է հայտնի, նախագահական ընտրարշավում Սերժ Սարգսյանն էր խոստացել այն կառուցել, սակայն դեռևս սայլը տեղից չի շարժվել:

Կարեն Շահազիզյանը մեզ տեղեկացրեց, որ «Ժողովուրդի» վերոնշյալ հրապարակումից հետո ինքը և օրաթերթին հարցազրույց տված ավագանու մյուս անդամները կանչվել են ոստիկանություն` բացատրություն տալու:

«Մեզ քննիչը հարցրեց` իսկապես եղել են սպառնալիքներ, որպեսզի դեմ կամ կողմ քվեարկեինք առաջարկին, սակայն ես անձամբ հայտնել եմ, որ ահաբեկիչ գործողություններ իմ նկատմամբ չեն եղել, և ես քվեարկել եմ իմ կամքով` առանց սպառնալիքների ազդեցության»,- շարունակելով խոսքը` նշեց Աշտարակի ավագանու անդամը:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ը գրել էր նաև, որ ըստ շրջանառվող լուրերի՝ գազալցակայան կառուցելու հարցում խիստ շահագրգռվածություն ունի Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ասել էր, թե առաջին անգամ է լսում գազալցակայան սարքելու մասին, իսկ ահա քաղաքապետ Անտոնյանը հրաժարվել էր հեռախոսով որևէ մեկնաբնաություն տալ: Ինչպես նկատում ենք, դեպքերն արագ են զարգանում, և ահա Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչիկ Ղազարյանը որսի է դուրս եկել:




Լրահոս