ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է երեւանյան փողոցներից մեկում
Մարդ կա՝ երազում է իր ճտքավոր կոշիկը նորով փոխարինել, մարդ էլ կա՝ ի տես բոլորի իր ձմեռային կոշիկներն արեւին է տվել թարմացնելու նպատակով: Հուսանք՝ մինչեւ ձմեռ դրանք կշարունակեն մնալ նորաձեւ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ մանրամասն տեղեկանալ, թե օրենքի սահմաններում ի՞նչ պատիժ է կիրառվում այն քաղաքացու հանդեպ, որը վրաերթ-վթար է կատարում, եւ դրա հետեւանքով մարդ է մահանում, իսկ ինքը փախուստի է դիմում:
Տիգրան Համբարյան (40 տարեկան, դեղագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետեւանքների առաջացման դեպքում պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն օրենքի 242-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի համաձայն՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը…
Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման ողբերգություններից խուսափելու միակ տարբերակը թերեւս վարորդների զգոնությունն է։ Ի դեպ, պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀԱՐՑ. Եթե անձն ունի հաշմանդամության կարգ եւ հերթական անգամ պետք է անցնի բժշկասոցիալական փորձաքննություն, բայց բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա այս դեպքում ինչպե՞ս է իրականացվում նրա բժշկասոցիալական փորձաքննությունը։
Լենա Մխիթարյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա՝ բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի եւ այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամը գտնվում է բուժման մեջ:
Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանում հաշմանդամների ամենամեծ խումբը 40-60 տարեկաններն են` ընդհանուրի մոտ 52 տոկոսը։ Մինչեւ 18 տարեկան 8,1 հազար հաշմանդամ կա, իսկ 18-40 տարեկան հաշմանդամների թիվը 27,4 հազար է: Ընդ որում՝ հաշմանդամների մոտ 47 տոկոսը կանայք են: