Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքով անցնող Սևջուր գետը կամրջի հատվածում փակվել է, ինչի հետեւանքով առաջացած գարշահոտությունը լցվել է ողջ տարածքով: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ակնալիճ» ՋՕԸ-ի տնօրեն Սիմոն Աբգարյանի հետ:
Սեւջուր գետը, որն ունի 40 կմ երկարություն, սկիզբ է առնում Մեծամոր լճից եւ սնվում Արագածի ստորոտում գտնվող աղբյուրներից: Ճահճապատ ափերով այս դանդաղահոս գետը թափվում է Արաքս:
-Պարոն Աբգարյան, «Ժողովուրդ»-ն օրեր առաջ տեղեկացավ, որ Լուսագյուղն անցնող կամրջի մոտ Սեւջուր գետը փակվել է: Ո՞րն է պատճառը:
-Ես էի փակել, այլ ելք չունեի: Վերջին փորձն էլ արեցի գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու, այն էլ չստացվեց: Հավատացած եղեք, որ գյուղացիներն այսօր անելանելի վիճակում են հայտնվել, քանի որ ջուր չկա, որով կարողանան իրենց հողատարածքներն ու այգիները ջրեն:
-Ո՞ր գյուղերը պետք է օգտվեին դրանից:
-Դա արվեց Ակնաշեն, Մեծամոր, Գայ, Հայկաշեն գյուղերին ոռոգման ջրով ապահովելու համար: Այն էլ՝ չստացվեց: Կարճ ասած՝ մեր վիճակը ծանր է: Փորձեցինք, որ տեսնեինք կարո՞ղ ենք այդ ճանապարհով ինքնահոս ջուր ունենալ, թե՞ ոչ:
-Իսկ ինչո՞ւ չստացվեց:
-Գետի հարեւանությամբ ապրող մարդկանց խանգարեց, որովհետեւ ջուրը բարձրացավ ու արդեն ճանապարհին էր լցվում: Բացի այդ նրանք դժգոհեցին, որ դրա պատճառով ողջ տարածքը լցվել է կոյուղու գարշահոտությամբ: Դրա համար էլ նորից բացեցինք:
-Պարոն Աբգարյան, որքա՞ն գումար ծախսեցիք այդ աշխատանքներն իրականացնելու համար:
-Իմ միջոցներով է դա արվել, միայն վառելիքի գումար եմ ծախսել: Ոչ մի պետական կառույց մեզ գումար չի տվել: Մենք ինչ անենք, պետք է մեր ուժերով անենք: Եթե այս աշխատանքի համար տենդերով մի ընկերություն շահեր, ապա միլիոններով գումար կծախսեր: Բայց ես գրեթե ոչինչ չեմ ծախսել:
– ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղյա՞կ էր Ձեր նախաձեռնության մասին:
-Ոչ: Եթե դիմեինք Բնապահպանության նախարարությանը, ապա գյուղացին լրիվ կցամաքեր: Մենք նախկինում նման բան արել ենք ու հաջողություն ենք գրանցել, բայց այս անգամ բախտներս չբերեց:
-Պարոն Աբգարյան, գուցե նախապես բնապահպանի կամ փորձագետի հետ խորհրդակցեի՞ք, ապա գետը փակեիք: Գուցե հաշվարկների մեջ անճշտություն կար, եւ փորձագետի օգնությամբ արդյունքն այլ կլիներ: Առհասարակ, մասնագիտական խորհրդակցություն կամ հասարակական լսումներ չե՞ք կազմակերպել:
-Չէ, մենք այնքան ենք նման բան արել, որ մեր կաշին դաբաղել է: Այս անգամ էլ կարող էր ստացվել, բայց հարեւանները դժգոհեցին, կոյուղու գարշահոտությունը տարածվել էր ողջ տարածքով: Վնասում էր հարեւաններին: Եթե սպասեինք ու մի փոքր էլ բարձրացնեինքª կստացվեր:
-Իսկ հիմա ի՞նչ եք անելու, ինչպե±ս եք օգնելու գյուղացիներին` ոռոգելու իրենց անջրդի հողերը:
-Դե, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ էլ ենք հանդիպել այս հարցով: Ինքն էլ է մտահոգված: Տեսնենք, թե ինչ կստացվի: Եթե ինչ-որ բան մեզանից կախված է, ապա մենք գիշերներն էլ չենք քնում:
Հ.Գ. Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախորդ տարի ապրիլի 11-ին 395 մլն դրամ էր հատկացրել Սեւջուր գետի եւ ստորգետնյա ավազանների սակավաջրության դեմ պայքարելու համար: Գումարից 365 մլն դրամը հատկացվել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին, իսկ 30 մլն դրամը՝ Արմավիրի մարզպետարանին: Գումարները հիմնականում պետք է օգտագործվեին խորքային հորերի փորման նպատակով՝ Ակնալիճ, Գրիբոյեդով, Խորոնք, Երասխահուն, Արտաշար, Եղեգնուտ, Վարդանաշեն համայնքներում: Խորքային հորերի փորման նպատակը Սեւջուրից ջրառը նվազեցնելն է, քանի որ գետը ցամաքում է:
Սակայն մասնագետները պնդում են, որ ստորջրյա ավազանների իջեցման հետեւանքով գետն առհասարակ կարող է ցամաքել: Այնպես որ` այստեղ պահանջվում են գլոբալ լուծումներ: Դրանցից առաջնայինը, թերեւս, մի քանի օլիգարխների, այդ թվում եւ` բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ձկնաբուծարանները փակ համակարգով աշխատեցնելն է: Բայց արդյո՞ք օլիգարխ-պաշտոնյաները կգնան թանկարժեք համակարգի ներդրմանը, ո՞վ պետք է նրանց ստիպի դա անել, եթե հենց իրենք են իրենց վերահսկողը:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ